Զախարովան հայտնել է ևս 55 ռուս դիվանագետի արտաքսելու ԱՄՆ-ի պլանների մասին

ԱՄՆ-ը մտադիր է արտաքսել ևս 55 ռուս դիվանագետի և դեսպանատան ու հյուպատոսարանների վարչատեխնիկական աշխատողների։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա պարզաբանել է, որ ներկայում ՌԴ տարածքի ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատում է մոտ 130 մարդ, մինչդեռ Վաշինգտոնում դիվանագիտական առաքելությանում և Նյու Յորքի ու Հյուսթոնի գլխավոր հյուպատոսարաններում՝ 200-ից պակաս։

«Հաշվի առնելով Վաշինգտոնի առաջ քաշած պահանջներն առ այն, որ մեր ևս 55 դիվանագետներ և վարչատեխնիկական աշխատողներ պետք է լքեն ԱՄՆ-ն առաջիկա ամիսներին, իրադրությունը դիվանագիտական ճակատում միայն կխորանա»,-Զախարովայի խոսքերն է մեջբերում ՌԴ ԱԳՆ կայքը։

Ուրբաթ ավելի վաղ Զախարովան կոչ էր արել ԱՄՆ-ին կանգնեցնել էսկալացիոն անիվն ու սկսել առարկայական, ազնիվ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն։

Հոկտեմբերի 27-ին Պետդեպը մտահոգություն էր արտահայտել առ այն, որ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը, դիվանագիտական անձնակազմի կրճատման ֆոնին, կարող է հասցվել միայն տեխնիկական գործառույթների կատարման։ Նշվել է, որ Մոսկվայում ամերիկյան դեսպանատան անձնակազմը 2017 թվականին առկա 1200 աշխատակցից կրճատվել է՝ 2021-ի հոկտեմբերին դառնալով 120։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.