Արցախում ռուս խաղաղապահների ներկայություն՝ Արցախի կարգավիճակը բացառելու դիմաց. ՀՀ ԱԽ-ին հղումով վերահաստատում են Մոսկվայից

Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ՝ մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԴ պետական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից:

«Ցավոք, այս պահին իրավիճակը բավարար կայուն չէ անվտանգության տեսանկյունից: Վերջերս մենք տեսանք հրադադարի խախտում, ինչի հետևանքով հայ զոհվեց՝ քաղաքացիական անձ, կան նաև վիրավորներ: Հետևաբար, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործոնը կարևոր և նշանակալի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը»,- ասել են Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից:

Անվտանգության խորհրդի գրասենյակում նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտը կարևոր նշանակություն ունի հայերի, ԼՂ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հարցում, ինչպես նաև ստեղծվող ենթակառուցվածքների և բեռների անընդհատ և կայուն տեղաշարժի անվտանգության երաշխավորն է, տեղեկացնում է ՌԴ պետական գործակալությունը:

 

ՀՀ ԱԽ գրասենյակի վրա հղումով ՏԱՍՍ-ի այս տեղեկատվությունը ուշագրավ է Մոսկվայում պայմանագրերի հնարավոր ստորագրման վերաբերյալ տեղեկատվական հոսքերի համատեքստում։ ՌԴ ռազմական կոնտինգենտը Արցախում է ԼՂՀ կարգավիճակը բացառելու դիմաց։ Արցախի կարգավիճակը բացառելու մասին բազմիցս արտահայտվել են Պուտինը եւ Լավրովը։ Ռուս զինվորականների ներկայության ժամկետը Արցախի կարգավիճակով պայմանավորելը վերահաստատում է այս հանգամանքը։ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.