Հայաստանի դեմ վարվում է աննախադեպ ծավալի ու դաժան պատերազմ. պատասխանը պետք է լինի համարժեք

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել «օտարերկրյա որոշ գործիչների հակահայ հայտարարությունների վերաբերյալ», մասնավորապես անդրադառնալով Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվի ու Անկարայի լոբբիստ Բրայզային եւ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնին։

Եվ եթե Բրայզայի դեպքում ամեն ինչ պարզ է, ինչպես ասվում է հայտարարության մեջ, ապա Իլարիոնի պարագան ՀՅԴ-ն «զարմանահարույց» է համարում, հույս հայտնելով, որ նրա դիրքորոշումը աղերս չունի ռուսական եկեղեցու պաշտոնական դիրքորոշման հետ։ Հիշեցնենք, որ Իլարիոնը հայտարարել էր, որ Արցախի փոքր մասը ժամանակավոր է գտնվում հայերի վերահսկողության տակ։

Պետք է նշել, որ ՀՅԴ-ն առայժմ միակ խորհրդարանական կուսակցությունն է, որ անդրադարձել է Իլարիոնի հայտարարությանը։ Միեւնույն ժամանակ, ինքնին զարմանահարույց է ՀՅԴ-ի հույսը, որ Իլարիոնի հայտարարությունը Մոսկվայի պատրիարքարանի պաշտոնական դիրքորոշումը չէ։

Իլարիոնը Մոսկվայի պատրիարքարանի կարեւորագույն բաժնի ղեկավարն է, որն իրացնում է ոչ թե միայն Պատրիարքարանի արտաքին կապերի քաղաքականությունը, այլեւ գտնվում է Կրեմլի արտաքին քաղաքականության ծիրում, իրականացնելով հիբրիդային-էքսպանսիոն գործառույթներ աշխարհի տարբեր մասերում։ Այդ առումով, Իլարիոնի հայտարարությունը ոչ միայն Պատրիարքարանի, այլեւ Կրեմլի պաշտոնական դիրքորոշումն է։ Նրա հայտարարությունը բխում է Կրեմլի՝ Արցախի հանդեպ ծրագրից եւ կրկնում է նախագահ Պուտինի եւ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունները Արցախն Ադրբեջանի տարածք լինելու եւ կարգավիճակը բացառելու մասին։

Մոսկվայի պատրիարքարանը ստեղծել է Ստալինը, Պատրիարքարանը Կրեմլի քաղաքական կցորդն է՝ հատուկ ծառայությունների հստակ ուղղորդմամբ։

Հայաստանի դեմ Լավրովի պլանի ընդլայնված կիրառման ծիրում Մոսկվայի պատրիարքարանը ստանձնել է հայ ինքնության հենասյուների՝ լեզվի ու հավատքի ոչնչացման գործառույթը (տես այստեղ)։ Զուր չէ, որ Հայաստանում բացված ՌՈՒԵ երեւանյան-հայկական թեմի ղեկավար է նշանակվել հենց Իլարիոնի տեղակալը։ Մինչ այդ, Արցախի օկուպացված մասում Մոսկվայի պատրիարքարանը փորձում է յուրացնել հայկական տաճարները, հայ հոգեւոր կենտրոնները քաղքեդոն դավանափոխության ենթարկելու կոչերով։

Ինչ վերաբերում է ՀՅԴ հայտարարության մեջ ռուսական եկեղեցին «քույր եկեղեցի» անվանելուն, դա ոչ թե քույր եկեղեցի է, այլ հայերի ստեղծած եկեղեցին, եւ այս հանգամանքը խիստ էական է Ռուսաստանում հայ եկեղեցու դեմ դարավոր հալածանքների ու հայատյացության պատճառները հասկանալու համար, ինչը դրված է նաեւ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության հիմքում։

Ողջունելի է այս հարցին ՀՅԴ անդրադարձը, միաժամանակ կիսատ-պռատ, վեհերոտ հայտարարությունները հարց չեն լուծում։ Հայաստանի դեմ վարվում է աննախադեպ ծավալի ու դաժան պատերազմ, եւ Հայաստանից հնչող պատասխանները պետք է լինեն համարժեք, հստակ ու առանց «հույսերի ու եթեների»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am