Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պաշտպանական ռազմավարությանը։

«Ինչ վերաբերում է մեր երկրի պաշտպանական ռազմավարությանը, կառավարության ծրագրում մենք արդեն ընդգծել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ անվտանգության համակարգի զարգացման իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացնումը, այլև ՀՀ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը։

 

«Դա մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով։ Պետք է ընդգծել, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ՝ տնտեսական գործունեության մեջ ներգարվելու համար, էականորեն բարձրացնել մեր տնտեսության գրավչությունը տեղական և օտարերկրյա ներդրումների համար»,- նշեց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am