Նոր հարված երևանցիների գրպանին. քաղաքապետարանի անակնկալը

lurer.com-ը գրում է․ «Առաջիկայում Երեւանում կսահմանվեն տեղական վճարների տեսակները եւ դրույքաչափերը. քաղաքապետարանն անփոփոխ կթողնի Երեւանում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը՝ բացառությամբ Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայության և թանգարանների մուտքի համար սահմանված վճարների:

Մամուլը այսօր գրել է, որ Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար մեկ երեխայի հաշվով ամսական 25 հազար 700 դրամը սահմանել 28 հազար դրամ: Ըստ քաղաքաապետարանի՝ այն հիմնականում պայմանավորված է սննդի գների թանկացմամբ:

 

Մեզ մշտապես հայտնում են, որ Երևան քաղաքի սեփական եկամուտներն ավելացել են, համայնքի բյուջեն` գերակատարվել: Այս դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ քաղաքապետարանը չի գտնում լծակներ հենց այդ հավելյալ հավաքված եկամուտների հաշվին, որպեսզի զսպի երևանցիների համար ոչ ցանկալի թանկացումները: Հատկապես դժվար է լինելու մանկապարտեզների հարցը, եթե թանգարան գնալուց երևանցիները մի կերպ կարող են զերծ մնալ կամ նվազեցնել իրենց այցելությունների քանակը, ապա մանկապարտեզների հետ նույնն անել չի ստացվի: Աշխատող ծնողները, որոնց ստիպում են ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնել սեփական միջոցների հաշվին, այժմ էլ պետք է ընտանեկան սուղ բյուջեից գումարներ հատկացնեն մանկապարտեզների համար. մեկ երեխայի համար այդ գումարը ավելանալու է 3700 դրամով, ինչը, համաձայնեք, քիչ չէ, իսկ եթե երեխաները շատ են՝ դա հավելյալ լուրջ սոցիալական բեռ է երևանցիների համար: Հայտնի կարմիր գծերը չչեղարկեցին` հայտարարելով, որ դրանցից գոյացած գումարներով մանկապարտեզներ են նորոգելու: Հիմա փաստորեն նորոգված մանկապարտեզները երևանցիների համար անչափ թանկ հաճույք են դառնում, ժողովրդական լեզվով ասած՝ ժողովրդի քթից են բերում: Քաղաքապետարանը, սակայն, առանձնապես մտահոգված չէ երևանցիների բեռը թեթևացնելով, կարևորը՝ բյուջե գումար կմտնի, իսկ թե ուր են գերակատարված մուտքերը՝ հայտնի է, թերևս, միայն քաղաքապետարանին»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.