Եթե նույնիսկ ԱԱԾ-ն սխալ բան է արել, հիմա դուք լեգիտիմացնում եք․ փոխնախարարը՝ պատգամավորին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին․ «Ես վերջերս հարց էի ուղղել Փայլասարի որոշակի հատվածի կամ սարի՝ ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողությանն անցնելու մասին։ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածում՝ խորամուխ չլինելով բուն հայտարարության բովանդակության մեջ, ասում է, որ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պաշտպանությունը նշված հատվածում։ Որքանով ինձ է հայտնի, ադրբեջանցիներն այդտեղ հայտնվել են GPS սարքի միջոցով, այնտեղ տեղակայվել են՝ առանց հստակ դելիմիտացիա իրականացնելու։ Էդ ե՞րբ է տեղի ունեցել դելիմիտացիա, որ մենք դրան ականատես չենք եղել։ Ի՞նչ պետական սահմանի մասին է խոսք գնում Փայլասարի հատվածում։ Ինչո՞ւ է ԱԱԾ-ն խոսում պետական սահմանի մասին, երբ պետական սահման դեռևս ձևավորված չէ։ Ի վերջո, դա լեգիտիմացնում է այն, որ ադրբեջանցիներն այս պահին գտնվում են ճիշտ այն դիրքում, որտեղ պետք է գտնվեին»։

Փոխնախարար Արման Սարգսյանն ի պատասխան ասաց․ «Եթե դուք այդ պատասխանում տեսնում եք որոշակի հակասություններ, կարծում եմ՝ ԱԱԾ-ն կփարատի ձեր մտահոգությունները կամ կտա կողմնորոշիչ մեկնաբանություններ։ Պետական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել, որի մասին գիտեք նաև դուք։ Բազմիցս հրապարակային ելույթներում հնչել են, որ նույնիսկ Հայաստանի և Վրաստանի միջև վերջնական տեղի չի ունեցել։ Տարիներով դրանք քննարկվող, վիճելի հարցեր են։ Լավ չէ, որ մենք այսօր արդեն սկսել ենք նմանատիպ թեմաներ քննակել, թե ինչ քարտեզներ, մարդկանց գերակշիռ մասն ասում է՝ էս թվականի քարտեզ, մարդ կա ասում է՝ այս քարտեզը հաստատված է, մյուսը՝ հաստատված չէ։ Բայց ասեմ, որ դեռևս սահմանազատման և սահմանագծման պրոցես տեղ չի ունեցել»։ Արման Սարգսյանը հավելեց․ «Եթե նույնիսկ ԱԱԾ-ն սխալ բան է արել, հիմա դուք լեգիտիմացնում եք»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.