Հոկտեմբերի 17-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում կրակոցներ են հնչել:
Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Դավիթաշեն 4-րդ թաղամասում գորոծող «Գեյմզոն» խաղասարհի դիմաց հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր:
Կրակոցի հետքեր են հայտնաբերվել նաև խաղասրահի մուտքի դռան, դռան ապակու, սրահում տեղադրված պաղպաղակի սարքի և բազալտե աստիճանի վրա:
Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ կրակոցները արձակել է Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 43-ամյա Սուրեն Գրիգորյանը: Կրակոցների արդյունքում տուժածներ չկան, իսկ Ս. Գրիգորյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Փաստի առթիվ խուլիգանություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Եվ ահա քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթաշենում կրակոցներ արձակած անձը ոստիկանության աշխատակից է: Իսկ թե նա կրակոցներ արձակել է խաղասրահի մոտ մասնագիտական աշխատանք իրականացնելու ժամանակ, թե գտնվել է խաղասրահում, կպարզի քննությունը: