Դիպուկահարը կրակել է տրակտորիստի վրա. այդ պահին այնտեղ եղել է նաև ռուս խաղաղապահ, որը, ըստ որոշ լուրերի, վիրավորվել է

Արցախում այսօր կեսօրից հետո ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից 55-ամյա քաղաքացիական անձ է զոհվել: Նա Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում է եղել:

Ըստ էության, դեպքը տեղի է ունեցել ռուսական խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքում:

Այս առնչությամբ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի Մարտունի քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը նշեց, որ Մարտակերտի իմ ընկերներից տեղեկացել է, որ դաշտում աշխատելու ժամանակ դիպուկահարը կրակել է տրակտորիստի վրա, որը մահացել է: Այնտեղ եղել է նաև ռուս խաղաղապահ, որը վիրավորվել է:

«Ռուս խաղաղապահները հսկել են, որ կրարոցներ չլինեն և տրակտորիստը կարողանա իր աշխատանքը կատարել, դաշտը վարել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ստացվում է, որ արցախցիների անվտանգությունը ռուս խաղաղապահները ևս չեն կարողանում ապահովել, նա ասաց. «Ես չգիտեմ, թե ինչու է այդպես եղել,  սպասում ենք, որ իշխանությունից որևէ մեկը ինչ-որ տեղեկություն կհայտնի, արդյոք ռուս խաղաղապահի վիրավորվելու լուրը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Հուսով ենք, ռուս խաղաղապահներն էլ իրենց կողմից կհետաքննեն տեղի ունեցածը, կպարզեն, թե ինչու է նման միջադեպ եղել, ինչու է վիրավորվել նաև ռուս խաղաղապահը:

Չի կարելի թույլ տալ, որ նման դեպքեր լինեն, որովհետև եթե այսօր Մարտակերտում է միջադեպ եղել, վաղը կարող է Մարտունիում լինել, այլ վայրերում լինել: Մարդիկ էստեղ պետք է իրենց անվտանգ զգան: Եթե ադրբեջանցիները չպետք է կրակեն, ինչո՞ւ են կրակում:

Կոնկրետ Մարտունիի կողմում նման բան չի եղել, ես ամեն օր դուրս եմ գալիս, գնում եմ աշխատանքի, վերադառնում են, նման բան չեմ լսել: Բայց տեղի ունեցածն, անկասկած մտահոգիչ է: Խոսում են խաղաղությանը պատրաստ լինելուց, բայց կրակում են խաղաղ բնակչի վրա: Եթե զինվորի վրա են կրակում, դա դեռ ինչ-որ տեղ կարող ես մտածել, որ չեն ուզում, որ Արցախը բանակ ունենա, բայց այս դեպքում կրակել են խաղաղ բնակչի վրա: Էլ ի՞նչ խաղաղություն կարող է լինել»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.