Կրակեցին, կպավ ողնաշարիս․ Հենրիկը վիրավորվել է զոհված հրամանատարի դին խրամատից դուրս բերելիս

20-ամյա Հենրիկ Նիկողոսյանը 1 տարի 3 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սեպտեմբերի 27-ին սովորականի պես արթնացել են, բայց ճաշարան գնալիս անսովոր ձայներ լսել։

Սկզբում չեն էլ պատկերացրել, թե ինչ է կատարվում։ «Լուսամուտից նայում ենք դուրս ու տեսնում, որ ռմբակոծում են տները, խաղաղ բնակչությանը, և այդ ժամանակ արդեն տագնապով դուրս ենք գալիս, գնում մարտական դիրքեր»,- պատմում է զրուցակիցս։ Հենրիկը ծառայել է Հադրութում, մարտական գործողությունների ժամանակ էլ այնտեղ է եղել․ հետախուզական դասակի դիպուկահար էր։ Հրազենային վնասվածք է ստացել պատերազմի 3-րդ օրը՝ զոհված հրամանատարի դին խրամատից դուրս բերելիս։

«Կողքի խրամատ մտանք, որ կարողանանք հանել, չթողենք այդտեղ, ու վերադառնալիս, որ արդեն պետք է մտնեի կողքի խրամատ, կրակում են ողնաշարիս»,- ասում է Հենրիկը։

 

Ողնաշարի ծանր վնասվածք ստացած Հենրիկին օգնել են սպաները։ Ստեփանակերտի հոսպիտալում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Երևան ու վիրահատել։ Դրանից հետո տեղափոխվել է «Զինվորի տուն վերականգնողական կենտրոն»։ Ասում է՝ հիմա ամեն բան կարողանում է ինքնուրույն անել։

Հենրիկի բանակային ընկերներից երկուսը զոհվել են 44-օրյա պատերազմում․ ասում է՝ նրանք իսկական մարտական ընկերներ էին․ շուրջ մեկ տարի միասին ծառայել են ու դիրքեր պահել։ Պատերազմից արդեն մեկ տարի անց Հենրիկը միայն մի բանի համար է ափսոսում․ «Շատ երկար չեմ եղել կռվի մեջ, ընդամենը 3 օր։ Ուղղակի ափսոսում եմ, գոնե մի քիչ շատ կռվեի»։ Հենրիկն ապագայից չի սիրում խոսել, ասում է՝ կապրենք, կտեսնենք։ 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի կռիվ մղած Հենրիկը հիմա էլ պայքարում է հանուն առողջության։

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.