«Իրանը մտադիր է գործը տանել մինչեւ վերջ...».

hhpress.am-ը գրում է. Իրանի հյուսիսարեւմտյան շրջաններում սկսված զորավարժություններում երկրի ամենագլխավոր իրական թշնամիներից մեկն Իսրայելն է, իսկ Թեհրանը չի հանդուրժի «սիոնիստական կեղծ ռեժիմի ներկայությունն ու նրա սադրիչ գործողություններն իր սահմանների մոտ»: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նրա խոսքերով՝ Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո «Իսրայելն իր ներկայությունը հաստատել է Ադրբեջանի մի շարք շրջաններում»: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ «Իսրայելի հետ պատերազմն արդեն սկսվել է»: Զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ-ի նախկին կոնգրեսական Էլիոթ Էնգելի խոսքերը. «Իսրայելը մտադիր է օգտագործել Ադրբեջանի ռազմաբազաները՝ անհրաժեշտության դեպքում Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար, իսկ Ադրբեջանը համաձայնել է դրան»: Բաքվից այս առիթով որեւէ պաշտոնական մեկնաբանություն չի ստացվել: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր զինված ուժերը բարձրագույն պատրաստականության բերելու մասին, դա արվել է նաեւ ռուս խաղաղապահների ներկայության գոտում: Զորավարժությունները, որոնք կազմակերպել է Իրանն Ադրբեջանի սահմանների մոտ, ամենամասշտաբայինն են վերջին 30 տարում: Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շրջանում եւ Նախիջեւանի հետ սահմանին, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, կենտրոնացած են 216-րդ եւ 316-րդ զրահատանկային բրիգադները, արագ արձագանքման 25-րդ բրիգադը, 11-րդ հրետանային խումբը, անօդաչու թռչող սարքեր, 433-րդ մարտական ինժեներական խումբը եւ Իրանի Իսլամական Հանրապետության օդադեսանտային ուղղաթիռներ: Ադրբեջանի հետ սահմանին Իրանի ռազմական ուժերի կուտակումը շարունակվում է: Միեւնույն ժամանակ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է իրանական զորավարժությունների անվանման («Հայբարի նվաճողներ») հարցը: Թեհրանն այն կապել է 629 թ. ճակատամարտի հետ, որտեղ մահմեդականները Մուհամմեդ մարգարեի ղեկավարությամբ կռվել են հրեաների դեմ Հայբար օազիսում, Մեդինայից ոչ շատ հեռու: Առանցքային է դարձել այն դրվագը, երբ իմամ Ալին խարխլել է բերդի դարպասները, եւ քաղաքը գրավվել է, իսկ նրա բնակիչները հարկատու են դարձել: «Ռիբար» տելեգրամ-ալիքը, հղում կատարելով իրանամետ աղբյուրներին, հաղորդում է սոցիալական ցանցերում հայտնված «Հուսեյնիներ» կազմակերպության մասին, որը իսլամական դիմադրության շարժում է Ադրբեջանում: «Դրոշի տեսքը, որը նման է Թեհրանի աջակցությունը վայելող շիական բոլոր խմբերի դրոշներին, ուղղակիորեն ցույց է տալիս, որ դրանք ստեղծվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից»,- նշել են «Ռիբարում»: Նրանք, հենվելով «լիբանանյան «Հըզբոլլահի» փորձի ու պատմության վրա, նշում են, որ «Հուսեյնիների» ստեղծմամբ Իրանը հիմք է ստեղծում իր ընդհատակի համար, եթե կտրուկ վատթարանան Ադրբեջանի հետ հարաբերությունները, ինչպես նաեւ այնտեղ արմատացած իսրայելական գործակալներին հակազդելու համար»: Հիմա Բաքվի ու Թեհրանի պաշտոնական հարաբերությունները բարեկամական չի կարելի անվանել: «Իռնա» գործակալությունը հաղորդել է, որ օրերս Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին բողոք է հայտնել՝ կապված «հոկտեմբերի 1-ի գիշերը Բաքվի դիվանագիտական ներկայացուցչության դեմ ագրեսիայի հետ»: Սադրանքները կապված են որոշ սադրիչների կողմից իրանական դեսպանատան մոտ Իրանի Իսլամական Հանրապետության դրոշների օգտագործմամբ կատարված ոչ կոռեկտ գործողությունների հետ: ԻԻՀ-ի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին զայրացրել է այն, որ իրանցի վարորդները ձերբակալվել են դեպի Լեռնային Ղարաբաղ ճանապարհին, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Հեյբարի նվաճողները» զորավարժություններին տված գնահատականները: Աբդոլլահիանի կարծիքով՝ Ալիեւն «Իրանին բացասական բառեր է ասել»: «Մենք սպասում ենք, որ Ադրբեջանի պաշտոնական դեմքերը կուղղեն այդ հայտարարությունները»,- շեշտել է Աբդոլլահիյանը: Նկատենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս քննադատել է նաեւ ռուս խաղաղապահներին: Թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում Ալիեւը նշել է, որ խաղաղապահ զորակազմի նկատմամբ առարկություններ ունի՝ կապված «իր պատասխանատվության գոտի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց եւ արտասահմանյան պետությունների քաղաքացիների ապօրինի այցելությունների հետ»: Սովորաբար նման հարցերը Մոսկվան եւ Բաքուն գերադասում են լուծել ռազմական ղեկավարության մակարդակով: Անցած երեքշաբթի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Գեննադի Անիշկինը, որին փոխանցվել են ադրբեջանական կողմի առարկությունները: Թե այդ առումով ինչ որոշումներ են կայացվել Մոսկվայում, չի հաղորդվում: Միեւնույն ժամանակ ղարաբաղյան հակամարտության գոտում Իրանի հետ սահմանին շատ ակտիվ է Թուրքիան: Հաղորդվում է, որ թուրքական անօդաչուները մշտապես ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ հարակից իրանական տարածքի մոնիտորինգ են իրականացնում: Անկարան Իրանի զորավարժությունների վերաբերյալ որեւէ դժգոհություն չի հայտնել: Տեղեկություններ կան, որ սիրիական Իդլիբում Թուրքիան հարձակում է նախապատրաստում Իրանի աջակցությունը վայելող սիրիական բանակի ստորաբաժանումների եւ շիա աշխարհազորայինների վրա: Արեւմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Սոչիում կայացած ռուս-թուրքական գագաթնաժողովից հետո Անկարան վերջին օրերին սկսել է շատ ավելի ակտիվորեն իր զինված ուժերը կենտրոնացնել Սիրիայի հյուսիսում: «Իրանի ԱԳՆ ղեկավարն իր ելույթներում Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի դեմ պատերազմում ահաբեկիչների ներուժի օգտագործման մեջ,- «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է ռազմական փորձագետ Նիկոլայ Շուլգինը:- Նա, իհարկե, նկատի է ունեցել թուրքամետ զինված խմբավորումները, որոնք կապված են «Իսլամական պետության» հետ: ՌԴ-ում աչք են փակել դրա վրա: Իրանը մտադիր է գործը տանել մինչեւ վերջ՝ ապացուցելով թուրքամետ վարձկան-ահաբեկիչների ներկայությունը ղարաբաղյան հակամարտության գոտում»: Փորձագետն ուշադրություն է դարձրել այն բանին, որ Ադրբեջանի ու Թուրքիայի սահմանների մոտ Իրանի ռազմական ակտիվությունն այժմ շահավետ է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների համար, քանզի «տեղն է դնում» Բաքվին ու նվազեցնում Անկարայի ազդեցությունը Հարավային Կովկասում: Իհարկե, Ադրբեջանի ու Իրանի միջեւ առկա լարվածությունն այժմ չի հանգեցնի պատերազմի: Իրանը, չնայած նրա պաշտոնյաների հայտարարություններին, այս պահի դրությամբ նման նպատակ չունի եւ պաշտոնական մակարդակում չի էլ ձեւավորել այն պահանջները, որոնք ներկայացնում է Բաքվին: Բայց այստեղ կարեւոր է այն հանգամանքը, որ Իրանն սկսում է Ադրբեջանն ընկալել որպես թիրախ Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում: Թել Ավիվի կողմից գործողությունների կիրառման դեպքում Իրանը կարող է կործանարար հարված հասցնել Ադրբեջանին: Մեկնաբան Հոսեյն Դալիրիանը, ով կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, սեպտեմբերի 30-ին գրել է թվիթերյան իր էջում. «Պատկերացրեք, որ պատերազմ է սկսվել Ադրբեջանի հետ: Իսլամական Հանրապետությունը կարող է բաց թողնել հազարավոր բալիստիկ հրթիռներ եւ խոցել հազարավոր առանցքային կետեր: Պատերազմը կավարտվի 1 օրում: Եվ ժամանակ չի լինի՝ գործարկելու այլ տեխնիկա: Ուշադրություն մի դարձրեք Ադրբեջանի պաշտոնական դեմքերի պարծենկոտ հայտարարություններին»: Պաշտոնական Բաքուն այդպես էլ ոչ մի հայտարարություն չի կատարել՝ կապված զորավարժությունների հետ, սակայն իշխանությունների հետ սերտաճած ԶԼՄ-ները փորձել են հանգստացնել հանրությանը, որ Ադրբեջանի վրա ցանկացած հարձակում կարող է տարածաշրջանային ու գլոբալ գերտերությունների միջամտության պատճառ դառնալ: «Նման սցենարը գլոբալ գերտերություններին յուրահատուկ հնարավորություն կտա հարված հասցնելու Թեհրանին: Եվ Իրանը դա շատ լավ է հասկանում»,- գրել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը: Իրանը, ինչպես նշել է իրանական բրիգադային գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Պակպուրը, չի հանդուրժի, որ իր հարեւանները «ապաստարան կամ բազա լինեն սիոնիստական կեղծ ռեժիմի ու անվտանգության դեմ նրա գործողությունների համար»: «Ոչ մի կասկած չկա, որ սիոնիստական ռեժիմն օգնություն ու աջակցություն է ցուցաբերում տարածաշրջանի որոշ երկրների՝ մահմեդական պետությունների միջեւ տարաձայնություններ առաջացնելու նպատակով»,- ասել է նա:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.