ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կրկին խոսում են «չլուծված հարցերի» ու կարգավիճակի մասին

Միացյալ Նահանգները փորձում է համագործակցության հնարավորություններ գտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը:

Ամերիկացի դիվանագետն ասել է, որ ակնհայտ է՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև մնում են մի շարք չլուծված խնդիրներ:

 

Դեսպանը նաև ասել է, որ ԱՄՆ-ն նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև չլուծված հարցերի լուծմանը: Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ:

Ըստ Լիտցենբերգերի՝ Միացյալ Նահանգները փորձում է ընդհանուր հայտարարի բերել կողմերին, որպեսզի այդ հարցերը լուծվեն արդար և իրավահասար. «Ես գիտեմ, որ դա կպահանջի որոշակի ժամանակ և գործընթացներ»:

Իր հերթին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը 2022 թ. կմասնակցի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, ընդգծել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Թվիթերի իր էջում նա տեղադրել է հայտնի ֆրանսիացի փիլիսոփա, գրող Բեռնար-Անրի Լևիի հոդվածը`«Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերնագրով և գրել. «Ես միանշանակ համաձայն եմ, Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Մինչ Միացյալ Նահանգները խոսում է չլուծված խնդիրների և «արդար կարգավորման» մասին, իսկ Փարիզի քաղաքապետը չի բացառում Ղարաբաղի ճանաչումը, իսկ Հայաստանում «ապաինքնիշխանացման շքերթ» է». վարչապետ Փաշինյանը պատրաստ է գերիներին «փոխանակել» սահմանազատման հետ, իսկ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնում Լավրովին և Պուտինին «2020 թվականի աշնանը միջամտության համար»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.