Ռոբերտ Քոչարյանը ՌԴ հետ միութենական պետություն ստեղծելու մասին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօրվա ասուլիսում հարց ուղղվեց ՌԴ հետ միութենական պետություն ստեղծելու մասին։ Հարցին, թե ընդդիմության որոշ գործիչներ ու ուժեր՝ որպես պատերազմական ծանր վիճակից դուրս գալու տարբերակ, առաջարկում էին Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու գաղափարը, արդյո՞ք այս տարբերակը իր համար քննարկման ենթակա է, թե՞ ամեն դեպքում Հայաստանի անկախությունը իր համար անսակարկելի արժեք է, Քոչարյանը պատասխանեց․ «Ես 10 տարի նախագահ եմ եղել Հայաստանում, այն ժամանակ արդեն ձևավորվում էր Ռուսաստան-Բելառուս այդ միությունը։ Եվ երբեք նման հարց մենք չենք քննարկել։ Սա այն ժամանակ իմ օրակարգի հարցը չէր։ Այն, ինչ տեսնում եմ հիմա, ինձ մոտ հարցեր է առաջացնում՝ իրոք մենք այս տեմպերով բավարար պետականաշինության ռեսուրս ունենք Հայաստանում։ Եվ հիմա ես պատրաստ չեմ ձեր հարցին պատասխանել միանշանակ։ Մենք պետք է հասկանանք՝ մեր անկախությունն ինչքան է վտանգված հիմա և ինչ հեռանկարներ կան։ Վերլուծության կարիք կա»։

Ըստ նրա՝ զուտ անվտանգության տեսանկյունից մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք։ «Ըստ էության այդ ՀԱՊԿ-ը մեզ ոչ թե չպաշտպանեց, այլ Ադրբեջանը փաստացի ՀԱՊԿ-ի բոլոր անդամների հետ ունի ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանը։ Ժամանակին մեր ռիսկերը գնահատելիս՝ այս իշխանությունն այդքանը պետք է հաշվի առներ և փոխեր իր մոտեցումը, նաև այդ երկրների հետ աշխատանքի կազմակերպումը պետք է այլ մակարդակի վրա բարձրացնեինք», հավելեց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.