«Ծնկների վրա բանակցելն ուղղակի հարմար չէ...»․ Ռոբերտ Քոչարյան

Հարավային Կովկասում լուրջ գործընթացներ ենք, որոնք ոչ մեր օգտին են։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա՝ փաստն այն է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանը պարտվել է պատերազմում, Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից Ադրբեջանը հաղթել է այս պատերազմում։

«Սա առաջին դեպքն է հետխորհրդային տարածքում, երբ այլ պետություն ուղղակի մասնակցում է ռազմական գործողություններին։ Թուրքիայի մասին է խոսքը։ Մինչ այդ բոլորը խուսափում էին նման գործողություններից՝ Ռուսաստանին չնյարդայնացնելու համար, հասկանում էին, որ արձագանք կլինի շատ կոշտ և չէին գնում այդ քայլին։ Հիմա ի՞նչ հետևանքներ է սա ունենալու, դժվար է ասել։ Ակնհայտ է, որ Հայաստանը՝ որպես գործոն, կամ դադարել է գոյություն ունենալ այստեղ, կամ էապես նվազել է Հայաստանի ազդեցությունը։ Եվ ակնհայտ է, որ այս ամենը Ռուսաստանը հաշվի է առնելու իր քաղաքականության մեջ այդ տարածաշրջանում։

Ադրբեջանի դերակատարությունն աճել է, Թուրքիայի դերակատարությունն աճել է, Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել այս հանգամանքի հետ՝ դա մեզ դուրս է գալիս, թե դուր չի գալիս։ Եվ Ադրբեջանն ավելի քիչ է փորձելու բալանասավորել իր հարաբերությունները ՌԴ ու Թուրքիայի միջև՝ ի օգուտ Թուրքիայի։ Ասիմետրիան դեպի Թուրքիան կայանալու է։ Այս զորավարժությունները վկայակոչում են այս վերլուծության օգտին»,- ասաց նա։

Ըստ Քոչարյանի՝ իշխանությունները խոսում են խաղաղ դարաշրջան բացելու մասին։ «Հարց է առաջանում՝ լո՞ւրջ, իսկ դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզանից ներկայացնում՝ նման նպատակներ հետապնդելու ժամանակ։ Ամենից զավեշտալին այն է, որ դու բանակցային սեղանի շուրջը չես նստած, այսօր դու ինքդ այդ բանակցային սեղանի վրա ես, քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցության։ Դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, դու արդեն վաղուց բանակցային գործընթացի օբյեկտ ես։ Չես կարող խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում, եթե չես կարողանում այդ խաղաղության դարաշրջանը հաստատել քո սեփական երկրում։ Եվ չես արել որևէ քայլ՝ այդ նպատակին հասնելուց հետո՝ հատկապես պատերազմից հետո»,- նշեց նա։ Այս իրավիճակում ինչ-որ բան կարելի է փոխել, եթե, ըստ Քոչարյանի, «այս մարդիկ գնան»։ «Ծնկների վրա բանակցելն ուղղակի հարմար չէ, չոքած ուղղակի հոգնում է մարդ, չի ստացվելու։ Եվ հատկապես դու չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ, չի ստացվելու»,- հավելեց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.