Հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է. Իրանի խորհրդարանի պատգամավորների հայտարարությունը

Իրանի խորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով երկրի հյուսիս-արևմտյան սահմաններին «Հայբարի նվաճողները» զորավարժությանը։ Այդ մասին հայտնում է ISNA -ն։

 

«Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է, և մենք օտարների գործողություններին պատասխանելիս չենք հապաղելու։ Միաժամանակ չենք հանդուրժելու, որ որևէ երկրի տարածք սիոնիստական ռեժիմի գործունեությանը ծառայի։ Արաքսի երկայնքով «Հայբարի նվաճողները» զորավարժության անցկացումն իշխանության ու խաղաղության ուղերձ է և նախազգուշացում է սիոնիստական ռեժիմին։

Մեր հարևան երկրների, այդ թվում՝ եղբայրական Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները վաղեմի են ու կայուն։ Թշնամիների հրահրումները չեն խախտելու այդ միասնությունն ու եղբայրությունը։ Իրանը բազմիցս ապացուցել է հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ եղբայրությունն ու բարիդրացիականությունը։ Ոմանց պառակտիչ հայտարարությունները դեմ են բարիդրացիականության սկզբունքներին և ակնկալվում է, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ դեմ կկանգնի և կպայքարի նման հայտարարությունների ու վարքագծի դեմ։

Մենք՝ Իրանի խորհրդարանի պատգամավորները, աջակցություն հայտնելով մեր բանակի խաղաղ զորավարժությանը և «Հայբարի նվաճողներին», ԱԳՆ-ին կոչ ենք անում պատգամավորների նախազգուշացումը փոխանցել Կովկասում դերակատար կառավարություններին»,-նշված է հայտարարության տեքստում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.