Իրանի ծավալուն նոր զորաշարժ «ադրբեջանի» հետ սահմանին․ Զորավարժությունն ուշագրավ անվանում ունի

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Իրանում զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը, այն «զարմանալի» որակելով: «Մեր երկրի հյուսիսարևմտյան սահմաններին զորավարժության անցկացումը ինքնիշխանության հարց է, և ամբողջ տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար է իրականացվում: Իհարկե, ակնհայտ է, որ ԻԻՀ-ն չի հանդուրժելու իր սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի անգամ ցուցադրական ներկայությունը, և այդ առումով կձեռնարկի ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար», ընդգծել է Խաթիբզադեն:

Հայտնի է դարձել, որ Իրանի զինված ուժերը հոկտեմբերի է 1-ից նոր զորավարժություն կսկսի երկրի հյուսիսարևմտյան շրջաններում, «Ադրբեջանի» հետ սահմանին: Այս մասին տեղեկացնում է Isna գործակալությունը: Զորավարժությունը կրելու է «Խայբարի նվաճողներ» անվանումը: Վարժանքներին ներգրավվելու են հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ, ասել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին:

Ուշագրավ է զորավարժության անվանումը՝ «Խայբարի նվաճողներ»։ Ըստ ավանդության՝ Խայբարի ճակատամարտը տեղի է ունեցել 629 թվականին։ Մուսուլմանները Մուհամեդ մարգարեի գլխավորությամբ Մեդինայից ոչ հեռու՝ Խայբարի օազիսում, պարտության են մատնել հրեաներին։ Ըստ լեգենդի՝ Ալին մեկ ձեռքով պոկել է ամրոցի դուռը և օգտագործել որպես վահան։ Անվանումը ներդաշնակվում է ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության հետ՝ «ԻԻՀ-ն չի հանդուրժելու իր սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի անգամ ցուցադրական ներկայությունը», նկատի առնելով «Ադրբեջանի» տարածքում Իսրայելի հետախուզական ու զինվորական ներկայության մասին իրանական զգուշացումները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.