Դելտա շտամի առանձնահատկությունն է, որ մենք ավելի շատ հոսպիտալացման կարիք ունենք․ նախարար

Կորոնավիրուսի համավարակի առումով երկրում լարված իրավիճակ է, արդեն իսկ 20 բժշկական կենտրոններ ամբողջությամբ կամ մասամբ ծառայում են Covid-ով պացիենտների բուժմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս շաբաթվա ընթացքում կավելանան Արտաշատի ԲԿ-ն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և կանցնեն Covid-ով հիվանդներին սպասարկելուն։ Մենք տեսնում ենք, որ մեր մահճակալային ռեզերվները կարելի է ասել ամբողջությամբ արդեն մոբիլիզացվում են, որովհետև, ցավոք սրտի, այս դելտա շտամի առանձնահատկությունն է, որ մենք ավելի շատ հոսպիտալացման կարիք ունենք և ավելի ծանր ու ծայրահեղ ծանր դեպքեր ունենք, քան թե նախորդ ալիքների ժամանակ ունեինք։ Ամեն հաջորդ ալիքի հետ այս տենդենցը նկատելի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում»,- ասաց նախարարը։

Ըստ Ավանեսյանի՝ հիվանդանոցներում բուժում են ստանում նաև անձինք, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Նրա խոսքով՝ սա համադրելի է այն իրավիճակի հետ, որը կա նաև այլ երկրներում, որտեղ պատվաստումների բարձր ցուցանիշներ կան։ «Բայց պատվաստումները շատ լուրջ կանխարգելիչ նշանակություն ունեն և անգամներ նվազեցնում են ծանր, ծայրահեղ ծանր ընթացքով հիվանդանալու ռիսկերը և մահացության դեպքերը»,- հավելեց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.