Օրացույց․ 1997-ի այս նույն օրը «Առագաստ» սրճարանի զուգարանում սպանվում է Պողոս Պողոսյանը

1997-ի սեպտեմբերի 24-ին «Հրազդան» մարզադաշտում նշում են Արկադի Անդրեասյանի 50 ամյակը։ Այս օրը հոբելյարն ինքն իրեն նվեր է անում, նա դաշտ է դուրս գալիս «Արարատ-73»-ի կազմում ընդդեմ իր այսօրվա մարզած «Արարատ-97»-ի եւ հաղթում 5։2 հաշվով։ «Նաիրի» կինոթատրոնի տեխնիկական անձնակազմը նույն օրը փողոց է դուրս բերում կինոցուցադրող ապարատը եւ հենց փողոցում կազմակերպում կինոդիտում։Կինոթատրոնի ներսում պայմաններն այլեւս այն չեն, բացի դրանից, մարդիկ այլեւս կինոթատրոններ չեն հաճախում. գրում է a1plus.am-ը:

1998-ի Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը ոգեւորել է հայ կոմունիստներին՝ գալիս է նրանց աստեղային ժամը։ Նրանք հավաքվում են Ազատության հրապարակում եւ մարդկանց կոչ անում այսուհետ չվճարել ջրի եւ էլեկտրաէներգիայի վարձերը։ 1998-ի այս օրերին Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացնում է իր առաջին լազերային ձայնասկավառակը, որում նվագախմբի կատարմամբ հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր են, որոնց էլ նվիրեց առաջին ձայնասկավառակները։

1998-ի սեպտեմբերի 24-ին Գագիկ Հարությունյանն անձամբ է լսում իրեն գրավոր դիմած Ազգային Ժողովի 68 պատգամավորի, ըստ որոնց կոնյակի գործարանի սեփականաշնորհման հարցով արտահերթ նիստ չհրավիրելու Ռոբերտ Քոչարյանի որոշումը հակասահմանադրական է։ Հարությունյանն ասում է, որ պատգամավորների դիմումում կան ոճային եւ ձեւային սխալներ, ինչպես նաեւ տառային երեք բացթողում։ Գագիկ Հարությունյանը պատգամավորներին այլեւս հնարավորություն չի տալիս դիմումը հետ վերցնել, սխալներն ուղղել, նոր բերել։

2000-ի սեպտեմբերի 24-ին Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացնում Արմեն Խաչատրյանը։Նրա հրաժարականին դեմ են ՀԺԿ-ն եւ Կոմկուսը։ Նրանք տեղի ունեցածը համարում են պետական հեղաշրջման փորձ, ընդդիմությանը դուր չի գալիս խորհրդարանի ղեկավարի նահանջը։ Արմեն Խաչատրյանի հրաժարականին անհրաժեշտ 58 ձայնի փոխարեն կողմ է քվեարկում 63 պատգամավոր։ Արմեն Խաչատրյանն ասում է՝ ինձ 66 կողմ է պետք, ես այդքան ձայնով եմ ընտրվել։ Հրաժարականը ձախողվում է։

 

2000-ի այս օրերին փախստական մի քանի ընտանիք գիշերում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածքում։Նրանք ապրելու պայմաններ չունեն, Հայաստանում, իրենց բառերով, չունեն ոչ մի իրավունք եւ իրենց կյանքը համեմատում են թափառական շան կյանքի հետ։

2001-ի սեպտեմբերի 24-ին «Առագաստ» սրճարանի զուգարանում սպանվում է Վրաստանի 43-ամյա քաղաքացի Պողոս Պողոսյանը։Սպանության հաջորդող մի քանի օրերին դեպքին ականատես 200 քաղաքացիներից ոչ մեկը չի համարձակվում հրապարակավ ասել, թե ինչն է սպանության պատճառը։ Ներքին գործերի նախարարության լրատվականում ասում են, որ մահացածի մարմնի եւ գլխի վրա հայտնաբերվել են թեթեւ վնասվածքներ։ Նրա մահը որակում են դժբախտ պատահար։ Սրճարանի ղեկավարությունն ասում է, որ նա սրտի կաթված է ստացել, ցանկացել են շտապօգնություն հրավիրել, սակայն ստացել է երկրորդ կաթվածը եւ տեղում մահացել։

Առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբոլցյանն առաջինն է, որ փոքր-ինչ լույս է սփռում «Առագաստ» սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանի մահվան պատմության վրա ։Հրաժարվելով տեսագրվելուց նա տեղեկացնում է, որ սրճարանում գտնվող Ռոբերտ Քոչարյանի եւ Շառլ Ազնավուրի հեռանալուց հետո իրեն է մոտեցել սրճարանի երաժիշտներից մեկը եւ տեղեկացրել, որ զուգարանում մեկը վատացել է։ Երբ ինքը մոտեցել է Պողոս Պողոսյանին, սրճարանի երկու աշխատակից նրա վրա սառը ջուր էին լցնում։ Նախկին նախարարն արդեն մահացած Պողոսյանի թաց մարմնի վրա բռնության որեւէ հետք չի տեսել։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն «Առագաստ» սրճարանում տեղի ունեցածի կապակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրում։ Գլխավոր դատախազն ու ներքին գործերի նախարարը նրան զեկուցում են դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին։ Արդեն խոսվում է, որ դեպքի հետ կապ ունի նախագահի անվտանգության ծառայությունը։ Քոչարյանն իր անվտանգության ծառայության ղեկավարին հանձնարարում է կասեցնել ծառայության այն աշխատակիցների ծառայությունը, որոնք գտնվել են սրճարանում։ Պողոս Պողոսյանը դաշնակցական էր։
Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը չի վստահում նախնական վարկածին, որ նա մահացել է սրտի կաթվածից։ Դեպքի ընթացքում սրճարանում է եղել նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Հենց նա էլ բացում է առաջին իրական փակագծերը։
2001-ի այս օրը Խարբերդի մանկատունն ապահովվում է շուրջօրյա ջրամատակարարմամբ։10 տարի այստեղ խմելու ջուրը բերում էին դույլերով։
2007-ի այս օրերին Հայաստանի քաղաքական դաշտը խոսում է մյուս տարվա նախագահի ընտրություններում Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման մասին։ «Առաջադրումը սրություն եւ գաղափարական էլեմենտ կմտցնի պայքարի մեջ` այն առումով, որ վեճի առարկա կդառնա երկրի ստրատեգիան»,-ասում է դաշնակցական Վահան Հովհաննիսյանը։

2008-ի այս օրը Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարում է, որ ընդդիմությունը լցնում է իր համբերության բաժակը։ «Չարտոնված հանրահավաքներ անելով եւ չարտոնված երթերով ընդդիմությունը խաղում է ոստիկանության պատվի հետ։ Դա նշանակում է, թե ընդդիմությունն ուղղակի թքած ունի ոստիկանության վրա»,-ասում է պարոն Սարգսյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.