ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էրում կիսվել է տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը։
«Արագածում դիմավորեցինք առաջին ձյունը»։
Հիշեցնենք, որ Արագածը հրաբխային քառագագաթ լեռ է Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված լեռնազանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։
Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է։