Պուտին, Պեսկով, Միշուստին, Մարգարիտա Սիմոնյան․ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում 35 ռուսաստանցու դեմ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին, որը խորհուրդ է տալիս պատժամիջոցներ սահմանել 35 ռուս պաշտոնյաների, գործարարների ու լրագրողների դեմ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումների հետ:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, ցուցակի առանցքային անձինք են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Բացի այդ, ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել գործարարներ Ռոման Աբրամովիչը, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Ռոսիա սեգոդնյայի» ու RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը և մի շարք այլ մարդիկ:

Ուղղման տեքստն առաջարկել է դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկին։ Նա ենթադրում է, որ օրենքի ընդունումից հետո 180 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է Կոնգրեսի համապատասխան կոմիտեներին եզրակացություն ներկայացնի այն մասին, թե արդյոք նշված անձանցից որևէ մեկը ենթակա է «Մագնիտսկու օրենքի» շրջանակում պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու:

Օրինագիծը ներկայացվել է որպես երկրի 2022 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծի ուղղում։ Այն պետք է դեռ ԱՄՆ Կոնգրեսի ամբողջական կազմի հավանությանն արժանանա, և նույնիսկ այդ ժամանակ խորհրդատվական բնույթ կունենա։ Պատժամիջոցների սահմանումը մնում է ամերիկյան վարչակազմի հայեցողությանը

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.