«Երկիրը մեր միասնական ուսի, մեր մտքի ու համատեղ ջանքի մեծագույն կարիքն ունի...». Արսեն Սարգսյան

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանի ուղերձը. 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Լեռնային Ղարաբաղում և ողջ աշխարհում գտնվող հայ ժողովուրդ` այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը: 30-ամյա տարեդարձը ստիպված ենք դիմավորել ծանր պայմաններում։ Վերջին պատերազմի վերքերը խորն են, կորուստները ցավալիորեն շատ։ Լրանում է պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում: Լրանում է մի ժամանակաշրջանում, երկիրը մեր միասնական ուսի, մեր մտքի ու համատեղ ջանքի մեծագույն կարիքն ունի, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության, միմյանց ցավը կիսելու և միմյանց սատար լինելու կարիք ունի: Անկախ պետականությունը բացարձակ արժեք է ու նաեւ՝ ազգի բնականոն զարգացման նախապայմանը, և պետականության տերը բոլորս ենք ու բոլորս անելիք ունենք, և հզորացումն ու ամրապնդումը համայն հայության գերխնդիրն է: Անհրաժեշտ է միասնություն՝ Հայրենիքը դարձնելու անվտանգ, ուժեղ և բոլոր առումներով առողջ պետություն: Առկա մարտահրավերներին ու արտաքին ուժերին դիմակայելու անհրաժեշտ նախապայմանը ներքին ամրությունն է, կամք և ուժ, չկոտրվել:Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատության և անկախ պետականության համար: Խոնարհվում եմ հանուն մեզ ընկած Արցախյան Գոյամարտում անմահացած բոլոր մեր հերոսների հիշատակի առջև: Դուք ընկաք հանուն անկախության եւ հանուն մեզ։ Փառք ու պատիվ հերոսներին: Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.