Սերժ Սարգսյանի զգուշացում-սպառնալիքը...

Արկածախնդրություն փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման: Հայաստանում բռնությամբ և զենքով ոչ մի հարց չի լուծվելու: Ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը` Ազգային անվտանգության ծառայությունում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված ելույթում նշել է նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինիս խոսքերը տրիվիալ ճշմարտություն են, սակայն թերևս հնչեցվելու անհրաժեշտություն ունեն, որովհետև ամեն օր տասնյակ մարդիկ ահաբեկչության այս կամ այն դրսևորումը մոտիվացնում, արդարացնում են այն հանգամանքով, որ իբրև թե համարժեք պատասխան է տրվել իշխանության կիրառած ուժին, բռնությանը:

Նման պնդում անող մարդիկ, ըստ ամենայնի, տարրական պատկերացում անգամ չունեն պետության, նրա բովանդակության, սահմանադրական հիմքերի մասին, որովհետև ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է պետությանը, այն ներկայացնող իշխանությանը: Սա սահմանադրական նորմ, աքսիոմ է աշխարհի բոլոր պետություններում` անկախ դրանց դեմոկրատական կամ ավտորիտար լինելուց: Այլ խնդիր է, որ ուժի կիրառումը պետք է համարժեք լինի, և դրա չարաշահումը կանխարգելելու նպատակով գործում են սահմանադրական, օրենսդրական մեխանիզմներ, գործի է դրվում քաղաքական մշակույթը` իր գրված և չգրված օրենքներով: Բացի դրանից` շատ կարևոր է, որ պետությունն ուժի և հարկադրանքի իր ռեսուրսը կիրառելուց զատ կամ առաջին հերթին հանդես գա` որպես քաղաքացու իրավունքների և ազատությունների երաշխավոր:

Պետությունն իր քաղաքացիների աչքում լեգիտիմացվում է, երբ կարողանում է համադրել մարդկանց ազատության և երկրի անվտանգության անհրաժեշտությունները: Ներդաշնակ համադրությունը ժողովրդավարության ցուցիչ է, շեղումները հանգեցնում են ավտորիտարիզմի կամ քաոսի: Այս խնդրին` ԱԱԾ-ում ունեցած այսօրվա ելույթում, անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանը. «…Պետք է անդրադառնամ ևս մի կարևոր հարցի: Ոմանք փորձում են ծայրահեղացնել անվտանգության և ազատության հարաբերակցությունը՝ դրանք դարձնելով բացարձակ երկընտրանքի առարկա: Նման հակադրումը կեղծ է և ինձ համար անընդունելի: Անվտանգությունը և ազատությունը ոչ թե հակադիր, այլ փոխկապակցված և փոխգործակցող երևույթներ են: Համոզված եմ՝ անվտանգության երաշխավորումն ազատության հաշվին կամ ազատության երաշխավորումն անվտանգության հաշվին հավասարապես վնասաբեր է: Տարիներ շարունակ մեր բոլոր քայլերն ուղղված են եղել երկրում հանրային անդորրի և համերաշխության ամրապնդմանը: Այդպես ենք, իհարկե, մենք աշխատելու նաև ապագայում»:

Տեսական մակարդակում Սերժ Սարգսյանը կրկին տվել է հստակ բանաձևում: Ամբողջ խնդիրն այն է, որ ազատությունն ունի կոնկրետ բովանդակություն, որի առանցքային բաղադիրչները մարդկանց կյանքի որակի բարձրացումն ու նրանց պոտենցիալի իրացման համար դաշտ ստեղծելն է: Հայաստանում այս կարևոր առաքելությունը պետությունը չի կատարում` իշխանության խոտոր կառուցվածքի, զարգացման պարադիգմին հակոտնյա համակարգային մտածողության, մենթալիտետի հետևանքով: Թերևս սա է պատճառը, որ Հայաստանի իշխանությունը` վստահության ռեսուրսի բացակայությամբ, կոռուպցիոն դեմքով, հաճախ դառնում է այն ակունքը, որտեղից սնվում են ահաբեկչության դրսևորումները, մտադրությունները:

«Կասկածից վեր է, որ Ազգային անվտանգության ծառայությունը և մեր իրավապահ մյուս մարմիններն ունակ են կանխելու կամ չեզոքացնելու նման ցանկացած ոտնձգություն: Կարծում եմ՝ անցյալ տարի հուլիսին ձեր հետևողական գործողություններն ու հավասարակշռված մոտեցումները խոսքերիս լավագույն ապացույցն են: Նրանք, ովքեր

ապագայում փորձելու են իրենց անձնական կամ խմբային շահերին հասնել հակաիրավական գործելակերպով, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ արկածախնդրությունից: Մեր իրավապահները պատրաստ են օրենքով իրենց վերապահված իրավասության շրջանակներում և համարժեք միջոցներով հակազդել սահմանադրական կարգը վտանգող ցանկացած դրսևորման»,- այսօր ասել է Սերժ Սարգսյանը, սակայն նրա այս խոսքերն ավելի շատ ընկալելու են` որպես սպառնալիք, քանի դեռ ազատության բացակայության ֆոնին անվտանգությունը քաղաքացիների մոտ ասոցացվում է բռնության, հարկադրանքի հետ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am