Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում, թվարկել է այն պատճառները, որոնք խաթարում են երկրի կայունությունը եւ խանգարում նրա զարգացմանը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ ոչինչ ավելի շատ չի խաթարում երկրի կայունությունը եւ գողանում զարգացման ռեսուրսը, որքան սուտը, անարդարությունը, անօրենությունը, կոռուպցիոն ժանգը եւ կաշառակերությունը, անտարբերությունը սեփական երկրի քաղաքացիների կարիքների հանդեպ, գոռոզությունն ու մեծամտությունը, որտեղից էլ դրանք գան՝ քաղաքագետներից, պաշտոնյաներից, բիզնեսից թե իրենց էլիտա համարողներից», ասել է Պուտինը:
Ինքնին զավեշտալի է ՌԴ իշխող կուսակցության առջեւ նման ելույթը, քանի որ Պուտինի թվարկած բոլոր այդ արատները այդ կուսակցության հենքն ու մոտիվացիան են: Այդ արատները վերաբերվում են նաեւ Պուտինի անմիջական շրջապատին, որի վերաբերյալ բավականաչափ կուտակված կոռուպցիոն կոմպրոմատ կա:
Պուտինը գնում է արդեն չորրորդ ժամկետին, սակայն այս անգամ նրա մոտ նկատելի է հռետորաբանության փոփոխություն: Նախկին գոռոզությունից ու մեծամտությունից բան չի մնացել: Եվ դա բնական է. Պուտինն ընդունել է ԱՄՆ-ի գերակայությունը, ԱՄՆ-ի հետ պայմանավորվել գլոբալ խնդիրների շուրջ, ստացել նոր դերակատարություն աշխարհում: Դա Ռուսաստանի համար կարող է փրկություն դառնալ, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հետ պայմանավորվելը դեռ պետք է մատուցվի ռուսական հանրությանը, երկարատեւ գոռոզ ու մեծամիտ պահվածքից հետո:
Պետք է նշել, որ ԱՄՆ-Ռուսաստան պայմանավորվածությունները դրական նշանակություն ունեցան նաեւ Հայաստանի խնդիրների առումով, մասնավորապես ԱՄՆ ջանքերով ճանաչվեց ստատուս-քվոն Ղարաբաղում: Մյուս կողմից, դրանք տհաճ անակնկալ էին Հայաստանի իշխանության, մասնավորապես արտաքին քաղաքական ու ռազմաքաղաքական պատասխանատուների համար, ինչը միայն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ:
Բանն այն է, որ Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականությունը ենթարկված էր ոչ թե երկրի շահերին, այլ Մոսկվայի պահանջներին ու կարիքներին: Հայաստանի իշխանությունը ծառայություններ էր մատուցում արտաքին շահագրգիռ կողմերին՝ սեփական դիրքերը պահելու համար:
Դա արտահայտվեց օրինակ Ղարաբաղի խնդրում, երբ ՀՀ իշխանությունն այսպես ասած մոռացել էր բանակցության իր պայմանների ու Վիեննայի պայմանավորվածությունների մասին, եւ երբ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության շրջանակում նոյեմբերին անսպասելի հայտարարեց այդ մասին, իշխանությունը հայտնվեց բավական նվաստ վիճակում. Հանուն Ռուսաստանի լռել էին, թուքումուր կերել, ու հանկարծ…
Վերադառնանք Պուտինի ելույթին. Առաջին անգամ երկար տարիների ընթացքում Պուտինը կոշտ տոնով խոսեց երկրի զարգացման գլխավոր խոչընդոտի մասին, եւ այդ խոչընդոտն արդեն արտաքին թշնամին չէր, ինչպես նախկինում:
Սա նոր գործընթացներին համարժեք լինելու փորձի եւս մեկ նշան է: Իսկ դա նշանակում է, որ փոխվում են առաջնահերթությունները նաեւ նախկին գործընկերների, վասալների ու նրանց մատուցած ծառայությունների մասով:
Դա էլ նշանակում է, որ իշխանության համար նոր տհաճ անակնկալներ են լինելու, կապված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայկական կողմի վերջին հայտարարությունների, Հայաստան-ԵՄ համաձայնագրի, Երուսաղեմի հարցով քվեարկության, հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարի եւ այլ իրադարձությունների հետ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am