Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Պետրոսյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Խ.-ի գործի դատական քննությունը:
Քոլեջի ուսանող, մեղսագրված արարքների կատարման պահին անչափահաս՝ 16-ամյա Նարեկ Խ.-ին ծանր մեղադրանք էր առաջադրված:
Դատարանը դատական քննության արդյունքում հաստատված է գնահատել հետևյալը:
Քոլեջում սովորելու ժամանակ Նարեկը եղել է համառ, չշփվող: Նրա ծնողներն ամուսնալուծված էին, հայրը մշտապես վիճել է մոր հետ, ունեցել է հոգեկան խնդիրներ, տեղափոխվել է համապատասխան կլինիկա:
Ընտանիքում եղել են ֆինանսական խնդիրներ:
Նարեկը գումար հայթայթելու նպատակով շրջել է Վայոց Ձորի գյուղերում, վարձատրության դիմաց գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել: Սեզոնում հիմնականում ընկույզի ծառեր է թափ տվել: Երբեմն նա հետը տարել է ընկերներին՝ Սմբատին ու Հարութին, բայց հիմնականում մենակ է եղել:
2015 թվականի հոկտեմբերին Նարեկը Սմբատի ու Հարութի հետ գնացել է Եղեգնաձորի տարբեր թաղամասեր, կատարել է վճարովի գյուղատնտեսական աշխատանքներ: Տղաները գումարը բաժանել են միմյանց միջև:
Նարեկն իմացել է, որ Եղեգնաձորի բնակչուհի, 91-ամյա Վարդուշ Ս.-ն բակում ընկույզի ծառեր ունի: Գնացել են նրա տուն, առաջարկել են գումարի դիմաց թափ տալ ընկույզի ծառերը: Կինը չի համաձայնել, ասել է՝ ծառը ծերացած է, թափ տալու դեպքում կարող են ճյուղերը կոտրվել, նրանք կարող են վնասվել… Դրա փոխարեն տատիկը դեռահասներին
առաջարկել է այգին մաքրել չորացած ճյուղերից: Սմբատն ու Հարութը չեն համաձայնել, Նարեկը հանձն է առել, ասել է, որ կվերադառնա ու գործը կանի:
Նա խոսելու ընթացքում նկատել է, որ Վարդուշ տատի վրա առկա են ոսկե զարդեր, ու նպատակադրվել է դրանք հափշտակել ու վաճառել:
2015 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 10-ն անց 30-ից մինչև 13-ը Նարեկը առանց ընկերների գնացել է Վարդուշ Ս.-ի տուն: Որպեսզի ստուգի՝ տանը տղամարդ կա, թե ոչ՝ նա դրսից ձայն է տվել՝ ձյաձ, ձյաձ:
Նրա կանչին արձագանքել է տարեց կինը: Հասկանալով, որ կինը մենակ է, Նարեկն առաջարկել է կատարել այգին մաքրելու աշխատանքը:
Վարդուշ տատիկը նրան հրավիրել է խոհանոց, ցանկացել է աշխատանքից առաջ կերակրել տղային, բայց վերջինս տատիկի զարդերը հափշտակելու նպատակով բռնել է նրա ուսից և դժվարությամբ, ձեռնափայտի օգնությամբ տեղաշարժվող զառամյալ կնոջը քաշել-գցել է, ապա նրա գլուխը հարվածել է բետոնե հատակին:
Կինը գլխի երեք տարբեր շրջաններում ստացել է գանգուղեղային բաց, բութ վնասվածք ու մահացել է:
Նարեկը, ըստ դատական ակտի, մահացած տատիկի ականջներից հանել է կարմրավուն քարով ոսկե ականջօղերը:
Դրանք հետագայում 32 հազար դրամով վաճառել է Եղեգնաձորում ոսկե զարդերի առուվաճառքով զբաղվող անձի:
Այնուհետև Նարեկը շարունակել է շրջել տարածաշրջանի գյուղերում, փնտրել է միայնակ ապրող տարեց կանանց, այդպիսիներին գտնելու դեպքում տարբեր միջոցներով փորձել է պարզել՝ կինը գումար, ոսկեղեն ունի՞:
Ըստ դատական ակտի, 2015 թվականի հոկտեմբերի 21-ին Նարեկ Խ.-ն գնացել է Վերնաշեն գյուղ, մոտ հինգ ժամ գտնվել է գյուղում միայնակ ապրող «Շամամ տատիկի»՝ 79-ամյա Վարդիթեր Խ.-ի տանը, նրա հետ զրույցում ճշտել է, որ շատ քիչ գումար ունի և՝ ընդամենը մի ոսկե մատանի: Այդ տատիկի տանը Նարեկը սուրճ է խմել, տատիկից 300 դրամ է վերցրել ու հեռացել:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Նարեկը նորից է գնացել Վարդիթեր Խ.-ի տուն, առաջարկել է, որ նրա ընկույզի ծառերը թափ տա: Վարդիթեր տատիկը մերժել է, ասել է՝ թափ տալու ընկույզ չունի, և, ինչ-որ վատ բան կանխազգալով, ձայն է տվել հարևանին: Նարեկը անմիջապես հեռացել է:
Շարունակելով ճանապարհը՝ նա ժամը 14-ից մինչև 18-ն անց 30-ը գտնվել է Վարդիթեր տատիկի տանից ոչ հեռու ապրող, 76-ամյա Գոհար Բ.-ի հողամասում, առաջարկել է վճարի դիմաց գործ անել: Գոհար տատը համաձայնել է: Նարեկը բարձրացել է ծառը՝ խնձոր քաղելու: Վերևից տեսել է, որ Գոհար տատի ականջներին կարմիր քարով ոսկե ականջօղեր կան:
Նարեկը, ըստ դատական ակտի, իջել է ծառից, վերցրել է խնձորենուն հենած բահը ու դրա մետաղական մասով ուժեղ հարվածել է Գոհար Բ.-ի գլխի գագաթ-քունքածոծրակային շրջանին, պատճառել է ծանր վնաս՝ գանգուղեղային բաց, բութ վնասվածք, որը հանգեցրել է տարեց կնոջ մահվանը:
16-ամյա տղան բերանքսիվայր ընկած տատիկի ականջներից հանել է ոսկե ականջօղերն ու հեռացել է: Նույն օրը ականջօղերը վաճառելու նպատակով դարձյալ դիմել է ոսկե զարդերի առուվաճառքով զբաղվող նույն անձին, ով ասել է, թե մոտը գումար չունի, ու ականջօղերը չի գնել:
Հոկտեմբերի 26-ին Նարեկ Խ.-ն հափշտակած ականջօղերը 28 հազար դրամով վաճառել է մեկ այլ անձի, ով գնման վերաբերյալ գրառում է կատարել համապատասխան տետրի մեջ, ինչը հետագայում օգնել է սպանությունների բացահայտման գործում…
Ներկայացված երկու սպանությունների առիթով հարուցված քրեական գործի նախաքննության սկզբում Նարեկ Խ.-ն ընդունել է, որ հանցավոր արարքներն ինքն է կատարել:
Այնուհետև նա կատարել է սուտ մատնություն՝ իր ընկեր Սմբատին է մեղադրել երկու տատիկների սպանության համար: Սմբատին, ըստ դատական ակտի, նա մեղադրել է բազմիցս՝ իր կողմից գրված ցուցմունքներում:
Սմբատի վերաբերյալ քննություն է կատարվել ու միայն 2016 թվականի սեպտեմբերի 20-ին որոշում է կայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, քանի որ Նարեկի ասածները քննությամբ չեն հաստատվել:
Սմբատը ութ ամիս եղել է կալանքի տակ:
Նա հայտնել է, որ Նարեկի ու Հարութի հետ մի օր է ընկույզի ծառեր թափ տվել: Ստացած գումարը կիսել են միմյանց միջև: Այդ օրը եղել են նաև Վարդուշ Ս.-ի տանը, նա չի թողել, որ իրենք ընկույզի ծառերը բարձրանան, ասել է՝ ծառերը բարձր են, կբարձրանաք, կընկնեք: Ավելի հեշտ աշխատանքներ է առաջարկել, ինքն ու Հարութը չեն համաձայնել…Այդ տատիկը դժվարությամբ էր քայլում, փոքրահասակ էր: Այդ օրը տատիկը Նարեկին ծխախոտի փող է տվել: Նարեկն այդ փողից իրենց տվել է 50 դրամ…
Սմբատը սպանությունների օրերին ալիբի է ունեցել, որը հաստատվել է…
Ստացիոնար դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Նարեկ Խ.-ն ճանաչվել է մեղսունակ:
«Ներքին դիտում» գործողության ժամանակ Նարեկ Խ.-ն զրուցելով մոր հետ, ասել է, թե «խփել է առաջին պառավին՝ շրխկացրել է գետնին, վերցրել է ականջօղերը, տվել է ոսկերիչին… Մյուս պառավին խփել է բահով…»: Մայրը հարցրել է Նարեկին՝ ի՞նքն է արել, թե՞ ստիպել են: Նարեկը պատասխանել է, որ ինքն է արել, ապա սկսել է լաց լինել…
Դատարանը Նարեկ Խ.-ին մեղավոր է ճանաչել երկու անձանց շահադիտական սպանության և սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով և 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քանի որ հանցավոր արարքների կատարման պահին Նարեկ Խ.-ն եղել է անչափաս՝ 16 տարեկան, ըստ օրենքի՝ նրան 10 տարուց ավել ժամկետով ազատազրկելն արգելվում է:
Նարեկ Խ.-ն վերջին հաշվով դատապարտվել է 10 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հոկտեմբերի 30-ից:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am