Գեներալն ու Մարգարիտան. Ծաղր թե՞ հերոսություն...

Ձախից՝ բանակի գեներալ Եվգենի Զինիչեւ |

 

Երբ մարտի է նետվում RT գլավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռուս հանրությունը պատրաստվում է արքունական ստի նոր բաժին ըմբոշխնել: Սեպտեմբեր 8-ին Մարգարիտան լիովին արդարացրեց ընթերցողի սպասումները՝ դառնալով սկանդալային ստի գլխավոր հերոսուհի

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւի մահվան առաջին լուրը տված Մարգարիտան պնդում էր [1], թե գեներալը զոհվել է Արկտիկան պաշտպանելուն նվիրված ԱԻՆ զորավարժությունների ժամանակ ջուրն ընկած օպերատորին փրկելու համար ջուրը նետվելով:

Նույն վարկածը տարածեցին ՌԴ պաշտոնական բոլոր լրատվականները: Իրողությունը, սակայն, բոլորովին այլ էր: Օպերատորը իրականում հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Մելնիկն էր, որն էլ ցատկել էր գեներալի հետեւից, որը մինչ այդ սայթաքել ու ջուրն էր ընկել: Ռեժիսորը զոհվեց գեներալի կյանքը փրկելիս՝ ոչ հակառակը: Սա դեռ ամենը չէ: Դեպքը որեւէ կապ չի ունեցել զորավարժությունների հետ, քանի որ տեղի է ունեցել պաշտոնապես նշվող վայրից 120 կիլոմետր հեռու:

Ռեժիսոր Մելնիկի մահվան պատճառ դարձած Եվգենի Զինիչեւը զվարճալի այցելություն է կատարել Կրասնոյարսկի մարզի գեղատեսիլ վայրերից մեկը՝ Քիտաբո-Օրոն նշանավոր ջրվեժ, որտեղ եւ խնդրել է ռեժիսորին նկարահանել իրեն ժայռի եզրին կանգնած: Սառցի վրա գեներալը սայթաքել է եւ ջուրն ընկնելով՝ զոհվել: Խոսնակ Պեսկովը տարընթերցումները անվանել է «սրբապիղծ». «Կա մահվան միայն մեկ վարկած՝ զոհվել է Նորիլսկ քաղաքում, վարժություններին, իր պարտքը կատարելիս»: Պեսկովը կտրականապես հրաժարվել է [2] մեկնաբանել այլ լուրեր:

 

Պահապան ստվերը | ՏԱՍՍ

 

Միեւնույն ժամանակ, Կրեմլին սպասարկող մամուլը, դեպքի իրական պատկերը հայտնի դառնալուն պես մասշտաբային արշավ է ծավալել ապացուցելու համար, որ ջրվեժների վրա զոհվելը աշխարհում տարածված երեւույթ է [Մոսկովսկի Կոմսոմոլեց, 3]: Հիմար դրությունից դուրս գալու իշխանությունների ամեն մի հաջորդ քայլ էլ ավելի է բորբոքում հանրության շրջանում տարածվող ծաղրուծանակը գեներալի «սխրանքի» շուրջ: Առավել տպավորիչ էր Պետերբուրգում ԱԻՆ կազմակերպած լուսաձայնային սգո արարողությունը հրշեջ մեքենաների մասնակցությամբ:

Արցախի վրա ռուս-թուրքական հարձակման վերաբերյալ [4] նախրար Շոյգուի լեզուն բացած ղազախական Tengrinews գործակալությունը, հղելով Նորիլսկի աղբյուրներին [5], նշում է գեներալի մահվան ճշգրիտ տեղը՝ Պուտորան տափարակի վրա գտնվող Լամա լճի ափ, այլ ոչ պաշտոնական հաղորդագրությունների Նորիլսկ քաղաքը:

Այս արքունական պատմությունը ունի կարեւոր այլ երանգ, որ հատուկ է Ռուսաստանում փոթորկից առաջ կիտվող մութ ամպերի համայնապատկերին: Բանակի գեներալ Եվգենի Զինիչեւը նախագահ Պուտինի անձնական պահապանն էր, նրա անբաժան «ստվերը»: Ռուսաստանի մարզպետներ դարձած մի քանի այլ նախկին պահապաններին հավասար Զինիչեւը նույնպես համարվում էր Պուտինի հավանական փոխանորդ: Այս հանգամանքը էլ ավելի է խճճում Մարգարիտա Սիմոնյանի տարածած կեղծիքի արմատները: Հիրավի հերոսուհի է մեր հաստիքով հայրենակցուհին:

Ezerk.am

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.