Օրերս «Փաստերի ստուգման հարթակ» է դիմել Երևանի 122 դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանը և հայտնել, որ նույն դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը իրենից կաշառք է վերցրել աշխատանքի ընդունելու համար, այժմ էլ պահանջում է աշխատավարձի մի մասը: Ուսուցչուհին ներկայացրել է ձայնագրություններ, որոնց բովանդակությունից ակնհայտ դարձավ նրա պատմածի իսկությունը:
1500 դոլար՝ աշխատանքի ընդունվելու համար
Ուսուցչուհին նշում է, որ 2019 թվականին տնօրենն աշխատանքի ընդունելու համար իրենից պահանջել ու ստացել է 1500 դոլարի չափով կաշառք: Այդ կաշառքը (այն անվանելով «շնորհակալություն») 2021 թ. ապրիլի 6-ին կատարած ձայնագրությունում ուսուցչուհին քննարկում է տնօրենի հետ՝ բողոքելով, որ չնայած դրան, իրեն տնօրենն այժմ չի ներառում երկարօրյա դասընթացների մեջ և թողնում է շատ փոքր աշխատավարձ: Կաշառքի մասին լսվում է ուսուցչուհու՝ ուսմասվար Հասմիկ Կանջարովայի հետ ապրիլի 8-ին կայացած խոսակցության ձայնագրությունում:
Տնօրեն Մարինա Մալախյանը, իր հերթին, ձայնագրությունում ասում է, որ ուր էլ գնար, «այդ «շնորհակալությունը» տալու էր», այնինչ ուսումնական գծով փոխտնօրեն Հասմիկ Կանջարովան իր խոսքում լեգիտիմ էր համարում ուսուցչուհու պահանջները և միջնորդի դեր ստանձնում: Մեկ այլ խոսակցությունում ուսուցչուհին սկսում է հետ պահանջել աշխատանքի ընդունման համար տրված գումարը և պնդում, որ թեև այլ դպրոցներում ևս աշխատանքի ընդունման համար կաշառք են ուզում, բայց դրա դիմաց ապահովում են աշխատանքով։ Իսկ այս դեպքում, փաստացի, որոշ ժամանակ անց նա մնացել է առանց աշխատանք: Այդուհանդերձ, ուսուցչուհու ու տնօրենի վեճի հիմնական առարկան աշխատանքի ընդունման կաշառքը չէ: