Հայաստանում նկատվում է կորոնավիրուսով հիվանդացության երիտասարդացում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծում է՝ նույնիսկ առողջացման պարագայում կորոնավիրուսը լուրջ հետևանքներ է թողնում առողջության վրա:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կորոնվիրուսային վարակից առողջացումից հետո շատերը մի շարք խնդիրների են բախվում, այդ թվում՝ նյարդային համակարգի, սրտային հիվանդությունների սրման հետ կապված:

«Վերջին օրերին Հայաստանում նկատվում է հիվանդացության երիտասարդացում և ծանր դեպքերի ավելացում, ինչը կարող է կապված լինել նոր «դելտա» շտամի ներթափանցման հետ: Այս շտամն աչքի է ընկնում ոչ միայն ավելի լայն տարածմամբ, այլև հիվանդության ավելի ծանր ընթացքով: Եվ եթե նախկին շտամների դեպքում քրոնիկ հիվանդություններ ու ռիսկի այլ գործոններ չունեցող մարդիկ ռիսկերից զերծ էին, նույնը հնարավոր չէ ասել նոր շտամի մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Ավանեսյանը վստահեցնում է, որ Հայաստանի հիվանդանոցներն այս պահին ապահովված են թթվածնի սարքերով և կայաններով, բայց դժվար է կանխատեսել, թե հետագայում ինչպիսի իրավիճակ կլինի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.