Որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակելու խնդրին։ «Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման իմ հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլիի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։ Այս գործողությունը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին։ Եվ ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։ Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել։ Մեր ծառայությունները պետք է, իհարկե, զգոն լինեն և ուշադիր։ Մյուս կողմից, մեզ ամուր նյարդեր են պետք։ Եվ մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը պիտի զարգացնենք, առաջ տանենք»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց, որ Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը անկանխատեսելի չէր։ «Եվ մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու են աշխատել։ Սակայն Էյվազլիի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»։

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող։ «Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ։ Նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ նաև մեզ փոխանցի։ Պատրաստ ենք համատեղ հետաքննության՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշեց նա։

 

Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին և ՏԿԵ նախարար գնել Սանոսյանին հանձնարարեց միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման, հիմնանորոգման ծրագրերը, մասնավորապես, Սյունիքի մարզում շարունակել։ Մինչև տարեվերջ պետք է ավարտվի Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը։ Նախանշված մյուս հատվածների ճանապարհաշինական աշխատանքները նույնպես պետք է ավարտեն՝ համայնքների անխափան կապը մարզկենտրոնի, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հետ ավելի որակյալ դարձնելու համար։ «Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային՝ պիտի ասեմ, որ որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կարձագանքենք»,- հավելեց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.