«Այն մարդիկ, ովքեր գրոհի մտադրություններ ունեն և ստանում են քաղաքական հակահարվածներ, պիտի հասկանան, որ գրոհի երազանքը պետք է մտքներից դուրս բերեն: Սա, կարծում եմ, բոլորի համար տեսանելի և հստակ իրողություն է»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հաստատեց իր նախորդ խոսքը, որ ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է. «Բայց մենք ներքին մարտահրավեր չենք էլ ունեցել, չունենք և չենք էլ ունենալու: Այդ մարդիկ արտաքին ճգնաժամերի հույս ունեն, որի ֆոնին ներքաղաքական գրոհներ կազմակերպել, այնպիսի գրոհ, ինչպիսին փորձ են արել նոյեմբերի 9-ին և 10-ին»:
Փաշինյանն ընդգծեց. «Մենք պետք է արձանագրենք, որ մեր թիկունքում դիվերսիոն առաջապահ խմբակներ են գործում, և անհրաժեշտության դեպքում պետք է այդ գործողությունները կասեցվեն»:
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի ելույթին՝ նա ասաց. «Դուք ի՞նչ կապ ունեք Սյունիքի խնդիրների հետ և հիմա էլ ուզում եք ներկայանալ որպես Սյունիքի Դոն Կարլիոնեներ»:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: