Ավելի լավ է ունենանք քիչ, բայց որակով ու հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գործնական քայլեր են անելու ՌԴ-ի հետ համագործակցությունը զարգացնելու համար։ Պլանավորում են ունենալ որակյալ սպառազինություն, տեղեկացնում է Փաստինֆոն։

«Պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն։ Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց։ Դա մեր քաղաքականությունն է։ Ավելի լավ է ունենանք քիչ, բայց որակով ու հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է»։

Երկրորդ խնդիրը, որ նախարարն իր համար տեսնում է՝ սեփական զենքի արտադրություն ունենալն է։ «Այստեղ մենք նույնպես ունենք աջակցություն՝ համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով և դա արագ անելու ենք։ Մենք որպես ազգ պետք է կարողանանք արտադրել սեփական զենք»։

Երրորդ խնդիրը՝ ըստ նախարարի այն է, որ չպետք է թույլ տալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների մեջ լինեն միջնորդներ՝ հասկանալի պատճառներով։

Ըստ նրա՝ այս երեք պայմանները պահպանելու դեպքում, անպայման ստանալու ենք նոր արդիականացված բանակ՝ 21-րդ դարին համահունչ բանակ ու կարողանալու ենք դիմակայել առկա վտանգները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.