Ազգային ժողովում այսօր Ելք խմբակցությունն իսկական աժիոտաժ էր առաջացրել: Դատական օրենգրքի կեղծիքով ու աղմուկով քվեարկությունից հետո Ելքը, ինչպես ասել էր Էդմոն Մարուքյանը, որոշել էր օգտվել իր միակ հնարավորությունից. Օրակարգում բազմաթիվ քվեարկություններ էին նախատեսված, եւ ամեն քվեարկությունից առաջ Ելքը վերցնում էր 20 րոպեանոց ընդմիջում: Դա ակնհայտորեն նյարդայնացնում էր ՀՀԿ պատգամավորներին, ովքեր հույս ունեին արագ ավարտել քվեարկությունները եւ տրվել տոնական վայելքներին:
Բայց չստացվեց, Ելքը այդպիսով պատժեց մեծամասնությանը, որը, Սեյրան Սարոյանի խոսքով, ստիպված էր մինչեւ ժամը 6-ը մնալ դահլիճում ու կատարեր իր դակիչ գործառույթը: Դա այնքան էր նյարդայնացրել ՀՀԿ-ականներին, որ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը քննադատեց ներկայիս նախագահ Արա Բաբլոյանին, ասելով, թե նա իրավունք ուներ դա թույլ չտալ, եւ ընդդիմությանն ընդհանրապես պետք է ցույց տալ նրա իսկական տեղը: Մեկ այլ ՀՀԿ-ական՝ Սամվել Նիկոյանը սպառնաց փոխել ԱԺ կանոնակարգը, որպեսզի մյուս անգամ այդպիսի բան չկրկնվի: Իսկ Սեյրան Սարոյանն էլ խոստովանեց, որ Նիկոլն իրենց կուրկուռի ձագ է դարձրալ:
«Դիմացեք», իր հերթին կուսակիցներին խորհուրդ էր տվել մեկ ուրիշ ՀՀԿ-ական:
Հետո տեղի ունեցավ մի հատկանշական բան: Պարզվեց, որ ստիպված լինելով մնալ խորհրդարանում, ՀՀԿ օլիգարխ պատգամավորներից մի քանիսը հավաքվել են ու սկսել նշել Նոր տարին, նրանք մի բաժակ բան էին «գցում» ու գնում քվեարկության, 20 րոպեն մեկ: Ըստ ամենայնի, սա նրանց դուր կգա, որովհետեւ այդ ընթացքում տեղ էր բացվում մյուս բաժակի համար:
Իսկ վերջում էլ, հրաժեշտի պատգամ հղելով պատգամավորներին, Սեյրան Սարոյանը խոսեց խոզի բդից եւ ուտելիքից. «Խոզի բուդը մենակ մի կերեք», պատգամեց գեներալը:
Ելքը կամա-ակամա գտել էր մեծամասնությանը պատժելու ամենաարդյունավետ ձեւը՝ նրանց սովածացնելը: Ընթացքում էլ Ելքի պատգամավոր Սասուն Միքայելյանը ծաղրեց նրանց. «Պարոն Նիկոյան, հարգելի գործընկերներ, քանի որ վերջին ժամանակաշրջանում
ձեզ հնարավորություն չի ընձեռվել, որ այսքան ընդմիջում անեք խորհրդարանում, իսկ մենք երկու ժամ դեռ այստեղ ենք լինելու, առաջարկում ենք, որ մեզ պատիվ տաք»:
Ելքը շարժվել է ԱԺ-կանոնակարգ օրենքով, մինչեւ ժամը 18-ն էլ աշխատանքային ժամ է: Եվ այլ բացատրություն չկա, թե ինչու էր նյարդայնացել ՀՀԿ-ն: Ընդ որում, խնդիրը միայն այդ պահին տեղի ունեցածը չէր, այլեւ այդ ռեֆլեքսային 20 րոպեների միջակայքում ուրվագծվող հեռանկարը, թե ինչ կլինի, եթե կորցնեն իշխանությունը կամ դուրս թռչեն ներիշխանական վերադասավորումների արդյունքում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am