Քիչ Առաջ. Սերժ Սարգսյանի նախազգուշական հիշեցումը Ծառուկյանին...

Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քվեարկությունը վերածվեց խորհրդարանական աղմուկի, որի առանցքում հայտնվեց Ծառուկյան դաշինքը: Բանն այն է, որ աղմուկի կենտրոնում դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն է, որը կողմ էր քվեարկել նախագծին՝ միակը դաշինքում: Այդ քվեարկությունը ունեցել էր առանցքային նշանակություն օրենքի ընդունման համար անհրաժեշտ ձայն ապահովելու տեսանկյունից: Այլ կերպ ասած, Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունը օգնել է ՀՀԿ-ին անցկացնել օրենքի նախագիծը:

Նապոլեոն Ազիզյանն օրվա ընթացքում տվեց տեղի ունեցածի մի քանի տարաբնույթ բացատրություն: Բայց, վերջին հաշվով կարեւորը բացատրությունները չեն, դրանք մանր հարց են ավելի լայն տողատակով:

Տեղեկություն եղավ, որ խորհրդարանական աշխատասենյակներից մեկում Ծառուկյան դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նույնիսկ վատաբանել է Ազիզյանին, իսկ Ազիզյանին էլ պաշտպանել է Աբրահամ Մանուկյանի որդին, որ դաշինքի անդամ պատգամավոր է: Իսկ հետո եղավ տեղեկություն, որ Գագիկ Ծառուկյանը դաշինքի այդ աղմկոտ իրադարձություններից հետո իր մոտ է հրավիրել բոլոր պատգամավորներին:

Նապոլեոն Ազիզյանը Ծառուկյան դաշինքի այն պատգամավորների շարքում էր, որոնք դարձել էին դեռեւս ապրիլի 2-ից հետո ծագած մանդատային պատմության հերոս, երբ ինքնաբացարկի դիմումներ էին հայտնվել առանց նրանց գիտության, հետո որոշները հետ վերցվեցին: Նապոլեոն Ազիզյանը նախ զրկվելու էր մանդատից, հետո նա հայտարարեց, որ տեր է լինելու մանդատին: Գագիկ Ծառուկյանը նրան այցելության գնաց հիվանդանոց:

Հետընտրական այդ պատմությունը ցույց տվեց, որ Ծառուկյան դաշինքը մի հավաքական է, որը մեղմ ասած ունի կառավարման խնդիր: Խնդիրները հետագայում հանդարտվեցին, եւ դաշինքը զբաղեցրեց խորհրդարանի իր երկրորդ պատվավոր տեղը: Հետաքրքիր է, որ ներկայում վերստին դրսեւորվում է Ծառուկյան դաշինքի որոշակի անկառավարելիությունը, կամ կառավարելիությունը՝ բայց կառավարելի քաոսի տեսանկյունից, այլ վահանակով:

Այդ հանգամանքը ներկայում ուշագրավ է Ծառուկյան դաշինքին ԵԼՔ դաշինքի առաջարկի ֆոնին: ԵԼՔ-ը Ծառուկյան դաշինքին առաջարկում է սատարել իրենց նախագահի թեկնածուին, քննարկել գործակցության հարց: Իհարկե զուտ թվաբանական առումով ԵԼՔ-ն

ու Ծառուկյան դաշինքը բավարար չեն իրենց նախագահը ունենալու համար, սակայն եթե դաշինքը չսատարի, նախագահ չի կարող ունենալ նաեւ ՀՀԿ-ն, կամ կունենա այդ հարցում էական խնդիրներ:

Ահա այս միտումների ֆոնին հանկարծ Ծառուկյան դաշինքը վերստին ենթարկվում է անկառավարելի կամ կառավարելի քաոսի ազդեցության, ըստ երեւույթին թերեւս հիշեցնելու համար, թե դաշինքն ինչ խնդիրներ կարող է ունենալ, եթե մտածի նախագահի ՀՀԿ թեկնածուի համար խնդիրներ առաջացնելու մասին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am