Ռուս զինվորականները Ոսկեպարում են. «Հույս ունեմ տարածք չեն տա». Մեխակ Ստեփանյան

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում ռուս զինվորականներ են տեղակայվելու։ Այս մասին վերջին օրերի տեղեկությունները Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց Ոսկեպարի գյուղապետարանի քարտուղար Մեխակ Ստեփանյանը։

Ոսկեպարի բնակիչները վերջին օրերին ահազանգում են, որ ռուս զինվորականներ են այցելել գյուղ, ուղեկալ է կառուցվում նրանց համար։ «Այո, եկել են իրենք, բայց չեմ կարող ասել՝ ուղեկալ է լինելու, թե ինչ։ Իրենք ժամանակավոր կացարան են վերցրել, մինչև երևի թե արդեն հիմնական կսարքեն։ Այսինքն՝ ուղեկալ է լինելու, բայց ոչ սահմանապահ, երևի իրենք ուղղակի նստելու են»,- ասաց Մեխակ Ստեփանյանը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նպատակով են ռուս սահմանապահներ տեղակայվելու գյուղում, Ստեփանյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ հայկական կողմն է նրանց հրավիրել։

Վերջին շրջանում տեղեկություններ կան անկլավների վերաբերյալ։ Անդրադառնալով այս հարցին՝ նա ասաց․ «Ինձ թվում է՝ դա անկլավների հետ կապ չունի, որովհետև հայկական կողմն է հրավիրել նրանց։ Բնական է, չեն հրավիրել, որպեսզի իրենց միջոցով տարածք տան։ Ես այդպես եմ մտածում, հույս ունեմ, որ չեն տա։ Այդ վտանգը միշտ կա, անկլավների հարցը առաջ է քաշվում, միայն մեզ մոտ չէ։ Բերքաբերում և մյուս թեժ կետերում իրենք երևի կտեղակայվեն»։

Մեխակ Ստեփանյանի խոսքով՝ Ոսկեպար գյուղից վերև նախկին ադրբեջանական գյուղ էր, դա է քարտեզով համարվում անկլավ։ «Մեր գյուղից վերև իրենք ըստ քարտեզի տարածք ունեին, 1990-ականն թվերին իրենք հեռացել են։ Երևի անկլավ ասելով՝ հենց այդ գյուղը նկատի ունեն։ Ռիսկն այն է, որ եթե այդ տարածքը իրենց հետ տան, արդեն մեր՝ այստեղ բնակվելը ռիսկային է լինելու։ Փաստորեն մեր երկու կողմերը արդեն դրանք են լինելու, մենք մնում ենք մեջտեղը։ Ուղղակի իրենք ճանապարհ չունեն, հայկական տարածքով պետք է ճանապարհ լինի, որ իրենք երթևեկեն, ես չեմ պատկերացնում, թե դա ոնց կարող է լինել»,- ասաց նա։

Ստեփանյանի խոսքով՝ Ոսկեպարում այսօր ապրում է մոտ 650 բնակիչ, այս փուլում արտագաղթ չկա․ «Երկար ժամանակ բնակչության թիվը դա է եղել, այս պատերազմը չի ազդել, գյուղից գնացող չի եղել, ուղղակի անորոշությունը շատ է»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.