ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն անդրադարձավ ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ իշխող խմբակցությունը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել է մի մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է։ Մասնավորապես, այն փոփոխվում է ըստ զբաղեցրած պաշտոնի։ Հանրությանը հայտնի է այն հանգամանքը, որ Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում։ Եվ այդ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը բավական երկար ժամանակ է հանդիսանում է հանրային պաշտոնյա»,- ասաց Աննա Մկրտչյանը։
Նա հավելեց․ «Այս նույն իշխանությունը մեզ արդեն հրամցրել է մի իրավիճակ, որտեղ ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարող է լինել թուրքի լրտես՝ «Օմեգա» մականունը կրող, ինչը ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող է պարունակել նաև այս Ազգային ժողովը։ Մասնավորապես, այդ նույն ԱԺ-ն կարող է այս անգամ էլ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել թուրքի լրտեսի»։
Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Ես 2017 թվականին թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս իրականացրել եմ հետազոտություն հիմնադրամի ծրագրի շրջանակներում՝ Թուրքիայում։ Ի դեպ, երբեք դա չեմ թաքցրել, որովհետև թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, փոխնախարար նշանակվելուց 3-4 օր անց հարցազրույցում բաց ասել եմ, որ ես հեղափոխությունից առաջ այնտեղ էի»։
«Ձեր՝ Թուրքիայում գտնվելու նպատակը և շարժառիթն ինձ համար տեսականորեն կարող է հանդիսանալ այն իրավիճակը, երբ, օրինակ, դուք էլ եք գնացել ձեր հերթական լրտեսական տառը ստանալու, ինչպես ձեր գործընկերներն էր, որը զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը»,- ասաց Աննա Մկրտչյանը։