20.000 դրամի դիմաց առաջարկել է կուսակցության օգտին քվեարկել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ստեփան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որոնք դրսևորվել են նրանում, որ նա կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար կուսակցությունների դաշինքի ներկայացուցչից որպես կաշառք պահանջել է դրամ, բացի այդ նպաստել է ընտրակաշառք տվող կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի և ընտրակաշառք ստացող քաղաքացիների միջև ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն։

 

Այսպես՝
Ստեփան Բաղդասարյանը 2021թ. հունիս ամսվա երկրորդ տասնօրյակի ընթացքում, հանդիպելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2021 թվականի մայիսի 10-ի թիվ ՆՀ-99-Ն հրամանագրով նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածուի նախընտրական քարոզարշավի աշխատանքներում ներգրավված իր ծանոթ Կարինե Անդրանիկի Գրիգորյանին, ընդունել է վերջինիս՝ 2021թ. հունիսի 20֊ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու, նշված ընտրություններին համապետական ցուցակում ընգրկված «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու դիմաց ընտրական իրավունք ունեցողյուրաքանչյուր ձայնի դիմաց որպես կաշառք 20.000 ՀՀ դրամ ստանալու առաջարկը, որից հետո Կարինե Գրիգորյանին է փոխանցել իր, ինչպես նաև ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ տեղեկություններ չունեցող իր ընտանիքի անդամներ՝ Սամվել, Արմիկ և Ռուզան Բաղդասարյանների, ծանոթներ՝ Ասյա և Աուսինե Մուրադյանների անձնագրային տվյալները, որից հետո հետագա օրերին՝ մինչև ընտրությունների անցկացման օրը, Կարինե Գրիգորյանից անձամբ քանիցս պահանջել է կաշառքի առարկա հանդիսացող իր և թվարկված մյուս անձանց մասով 20.000-ական ՀՀ դրամ կաշառքի գումարները։

Այսինքն՝ Ստեփան Բաղդասարյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում։

Բացի այդ, Ստեփան Բաղդասարյանը Կարինե Գրիգորյանից «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու դիմաց կաշառքի առաջարկը ստանալուց հետո, նրանից տեղեկացել է վերջինիս կողմից նույն նպատակով Մասիսի տարածաշրջանի հաշվառում ունեցող հնարավորին շատ ընտրողների կաշառք տալու պատրաստակամության մասին, ապա նրա վերոհիշյալ առաջարկի մասին 2021թ. հունիսի երկրորդ տասնօրյակի ընթացքում տեղեկացրել է իր մտերիմ Արմինե Նահապետյանին և վերջինիս ազգական Վարդուհի Թադևոսյանին, ստացել է նրանց համաձայնությունը գումարի դիմաց «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու վերաբերյալ։ Այնուհետև Ստեփան Բաղդասարյանը Կարինե Գրիգորյանին տեղեկացրել է Արմինե Նահապետյանի և Վարդուհի Թադևոսյանի՝ ընտրակաշառք ստանալու համաձայնություն տալու մասին, ապա Կարինե Գրիգորյանին է փոխանցել Արմինե Նահապետյանի և Վարդուհի Թադևոսյանի անձնագրային տփալները՝ այդպիսով նպաստելով ընտրակաշառք տվող Կարինե Գրիգորյանի և ընտրակաշառք ստացողներ Արմինե Նահապետյանի և Վարդուհի Թադևոսյանի միջև ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.