Նիկոլ Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին

Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում` վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ի հեճուկս այն բանի, որ ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ոչ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որևէ «միջանցք» արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ և ուղղություններ։ Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց։ Եվ վերը հիշատակված ձևակերպումներով Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, որը ոչ միայն չափազանց կարևոր հարց է մեզ համար, այլև գտնվում է մեր կառավարության առաջանահերթությունների շարքում։ Մեզ համար միանշանակ է և աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիները պետք է բացվեն։ Եվ ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա, այդ թվում, դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում, դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պիտի իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայնորեն, զորօրինակ՝ ԱՊՀ-ում ընդունված կանոններին համապատասխան մաքսային, սահմանային և այլ տեսակի հսկողություններով», ասաց Փաշինյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.