Ո՞ւմ են պատկանում մարգարինը կարագի փոխարեն. բանակին վաճառած ընկերությունները.

ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարին վաճառելու փաստով հարուցված քրեական գործով անցնում են երեք աշխատակից։ Նրանք ձերբակալված չեն, ստորագրությամբ ազատ են արձակվել։ ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ցողիկ Գզիրյանի լիազորությունները կասեցված են։ Ձերբակալվածներ, սակայն, չկան։ Գործով անցնողներին ստորագրությամբ չհեռանալու պայմանով ազատ են արձակել։

Նշենք, որ այս տարվա սկզբին հայաստանյան մի կազմակերպություն արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ 14 տոննա վաճառել պաշտպանության նախարարությանը: Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն, դուրս է եկել հետքի վրա։ ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է անցկացրել և պարզել, որ այդ կազմակերպությունը ՊՆ-ին խաբելու միջոցով միլիոնավոր դոլարներ է գրպանել:

Նշենք, սակայն, որ այս գործը նոր չի բացահայտվել։ Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ն դեռևս ամառվանից սկսած է այս գործով քննություն իրականացրել, հարցաքննել ՍԱՊԾ բազմաթիվ աշխատակիցների, սակայն գործի վերջնական բացահայտում միայն վերջին շրջանում է եղել։

Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ի տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «Էլայզեռ» ՍՊԸ-ն, կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ընկերություններից մեկը հենց Եղիշե Մարգարյանին է պատկանում, և հենց ՍԱՊԾ պաշտոնյայի ճնշման ներքո են աշխատակիցները փորձաքննության վերջնական արդյունքներում կեղծիք կատարել և ներկրված մարգարինը

կարագի տեղ ներկայացրել։ Սակայն, որքան էլ հետաքրքիր է, գործի քննության ժամանակ աշխատակիցները չեն խոստովանում գործադրված ճնշման մասին, այլ, հավանաբար վախենալով հետագա ճնշումներից, ցուցմունքներում գրում են, որ իրենք են սխալ փորձաքննություն արել, որ փորձաքննության ժամանակ սխալմունք է եղել։

Մեր տեղեկություններով, սակայն, իրականում ոչ մի փորձաքննություն էլ չի իրականացվել ՍԱՊԾ-ի կողմից։ Այս գործի քննության ժամանակ ԱԱԾ-ն համոզվել է դրանում։ Լաբորատորիայում իրականացված ստուգումների արդյունքում համակարգիչներում տվյալ

կարագի փորձաքննության ոչ մի նյութ չի եղել։ Այսինքն՝ ՍԱՊԾ-ն առանց փորձաքննության տեղեկանք է տրամադրել, որ տվյալ ներկրված մարգարինը կարագ է։ Ի դեպ, տենդերը շահած երկու ընկերություններից ՍՊ ՍՊԸ-ն 1 կգ կարագ-մարգարինի համար առաջարկել է 2120 դրամ, իսկ «Էլայզեռ» ՍՊԸ-ն՝ 2035-2445 դրամ։

Նշենք, որ ոչ ԱԱԾ-ից, որ ՍԱՊԾ-ից մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ ՍԱՊԾ-ն առհասարակ որևէ կերպ չի արձագանքում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am