Շուշին կվերադարձվի. Հայ եկեղեցու դարձը՝ առավել կասկածելի

Շուշի դիվանագետների այցին զուգահեռ Բաքուն կազմակերպել էր նաեւ «ադրբեջանի կրոնական համայնքների ներկայացուցիչների» այցը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն անդրադարձել է այցի ժամանակ Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի հայտարարություններին, մասնավորապես նշելով, որ «Փաշազադեն հերթական անգամ վկայակոչում էր այսպես կոչված աղվանական-ուդիական եկեղեցու և նրա կրոնամշակութային արժեքների կեղծ օրակարգը»:

Ծայրագույն վարդապետը սակայն ձեռնպահ է մնացել կարեւոր մի հարցի պարզաբանումից՝ ո՞վ է ձեւավորել եւ առաջնորդում «այսպես կոչված աղվանական-ուդիական եկեղեցու և նրա կրոնամշակութային արժեքների կեղծ օրակարգը»: Պետք է ենթադրել, որ նա անկասկած հետեւում է իրադարձություններին եւ պետք է որ նկատած լինի, որ այդ օրակարգը ձեւավորվել է Մոսկվայում, առաջադրվում է ռուսական քարոզչությամբ եւ իրագործվում է ռուսաց եկեղեցու Մոսկովյան պատրիարքության Բաքվի թեմի օպերատիվ ձեռամբ:

Բաքվի ռուս թեմի ներկայացուցիչը նույն այդ այցի ժամանակ հայտարարել է, որ Արցախում հայկական եկեղեցիներ չկան: Արցախում ռուս «խաղաղապահները» փակել են Դադիվանք հայ այցելուների մուտքը, որտեղից մեկնարկել է «ուդիացման» գործընթացը: Ի դեպ, շատերն են ուշադրություն դարձրել հաճախակի դարձած հաղորդագրություններին, ըստ որոնց՝ ռուս «խաղաղապահները» հայ ուխտավորներին ուղեկցում են Գանձասար եւ Ամարաս, որոնք ի տարբերություն Դադիվանքի գտնվում են ներկայիս շփման գծից հեռու: Սա պատահական չէ եւ հոգեբանական հող է նախապատրաստում օտարման համար:

«Ռուս ուղղափառ եկեղեցին (ՌՈՒԵ) եւ պաշտոնական Բաքուն ծրագրում են ՌՈՒԵ Ադրբեջանի թեմի զարգացումն ու ընդլայնումը: Խոսքն առաջին հերթին «վերադարձրած տարածքների մասին է»: Քանի որ այդ տարածքներում չկան ռուսական ուղղափառ եկեղեցիներ, ՌՈՒԵ թեմին կարող են հանձնվել «հայկականի վերափոխված ալբանական ուղղափառ եկեղեցիները», գրել են Բաքվի ԶԼՄ-ները Շուշիի այդ այցի նախօրեին, անդրադառնալով Մոսկվա-Բաքու համագործակցությանն այդ հարցում: Նպատակը հայ հոգեւոր կենտրոնները քաղքեդոն դավանափոխության ենթարկելն է՝ «Աղվանից եկեղեցի» բացելու եւ տոմոսի համար Պոլսի Տիեզերական պատրիարքին դիմելու կոչերով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկովյան պատրիարքությունը բողոքում էր ուկրաինական եկեղեցուն Տոմոս տրամադրելու դեմ:

Սա Հայաստանի դեմ կիրառվող ամբողջական ծրագրի մաս է, տվյալ պարագայում՝ Արցախում հայկական ինքնության ոչնչացումը Մոսկվա-Անկարա-Բաքու հակաքաղաքակրթական կոալիցիայի կողմից:

Այս պայմաններում, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության համար պարբերաբար շնորհակալություն է հայտնում ռուսաց եկեղեցու Մոսկովյան պատրիարքությանը, իսկ Էջմիածնի ներկայացուցիչը այս եկեղեցակործան եւ ազգակործան գործընթացը համարում է ընդամենը Փաշազադեի քմահաճույք:

Զարմանալու ոչ ինչ կա. Էջմիածնում եւ Մոսկվայում հայ եկեղեցական իշխանությունը իրականացնող եղբայր-հոգեորականները վաղուց արդեն «չորս ոտքով» խճճված են ռուսական ցանցի մեջ եւ ավելի շուտ թույլ կտան, որպեսզի ռուս սալդատը իր «կալաշի» խզակոթով իրենց դուրս անի տաճարից, քան Մոսկվայի դեմ որեւէ առարկություն կարտասանեն: Հայ եկեղեցու պետերը այդպես էլ չկարողացան ընկալել համայնքային եւ պետական կազմակերպում ունեցող ազգի հոգեւոր առաջնորդության տարբերությունը, մնալով ինչքի եւ ստրկության այդքան թովիչ համադրության գրկում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.