ԱՄՆ Կոնգրեսի արտաքին ֆինանսավորման օրինագծում ներառվել է Հայաստանին և Արցախին 52 մլն դոլարի օգնություն տրամադրելու հարցը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների 2022 ֆինանսական տարվա ծախսերի մասին օրինագծում ներառվել է Հայաստանին և Արցախին հատկացվող կայուն ֆինանսավորման հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է կոնգրեսական, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ադամ Շիֆը:

«Ավերիչ հակամարտությանը և անհավանական տառապանքին հաջորդող տարում մեզ հաջողվել է Հայաստանի ու Արցախ համար ավելի քան 52 մլն դոլարի ֆինանսավորում ներառել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների մասին օրինագծում: Այս կայուն ներդրումը կաջակցի ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումների իրականացմանը Հայաստանում և առաջին անհրաժեշտության մարդասիրական օգնություն կապահովի Արցախին»,- ասվված է Շիֆի հայտարարության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.