Ավստրալիայի պատգամավորները ԱԳ նախարարին կոչ են անում դատապարտել Ադրբեջանի ներխուժումը ՀՀ տարածք

Ավստրալիա-Հայաստան Դաշնային միջխորհրդարանական միության (Բարեկամության խումբ) համանախագահներ Թրենթ Զիմերմանն ու Ջոել Ֆիցգիբոնը հայտարարությամբ դիմել են Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիզ Փեյնին կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք շարունակվող ներխուժման վերաբերյալ։ «Արմենիապրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։

Հյուսիսային Սիդնեյի անդամ Զիմերմանը, որը նախագահում է Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի Առողջության, ծերացման և սպորտի հանձնաժողովը, և Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար Ֆիցգիբոնը նախարար Փեյնին  ուղղված հայտարարության մեջ անհանգստություն են հայտնում Հայաստանի տարածք Ադրբեջանի ռազմական ներխուժման և սադրանքների կապակցությամբ:

«Մենք դիմում ենք Ավստրալիայի կառավարությանը` նույն կերպ արտահայտելու իր մտահոգությունը և օգտագործելու հնարավոր բոլոր հնարավորությունները` կոչ անելով ադրբեջանական զորքերը դուրս բերել:

Մենք խնդրում ենք Ավստրալիայի կառավարությանը՝ աշխատել միջազգային հանրության հետ` վերջ դնելու Հայաստանի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ չնայած միջազգային կոչերին՝ Բաքուն դեռ չի ազատել 200-ից ավել հայ ռազմագերիներին, որոնք գերեվարվել են 2020-ի Արցախյան պատերազմի ընթացքում և պետք է վերադարձվեին նոյեմբերի հրադադարի համաձայնագրի համաձայն:

Նամակում կոչ է արվում Արտաքին գործերի նախարար Փեյնին դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները, և կոչ է արվում հետ քաշել ադրբեջանական զինված անձնակազմը և դադարեցնել բոլոր ագրեսիաները Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ Այս մտահոգությունը, ասվում է, որ կիսում են մի շարք հայտնի միջազգային առաջնորդներ, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, Չինաստանի փոխարտգործնախարար Լե Յուչենգը, Կանադայի արտաքին գործերի նախարարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Եվրամիությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.