Ամիսներ առաջ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորի մանդատը վերցրած ու խմբակցությունը լքած Աննա Գրիգորյանը արտահերթ ընտրություններին մասնակցեց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքով։
Նշենք, որ Աննա Գրիգորյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում 3-րդ տեղում է, այսինքն նոր կազմվող խորհրդարանի մանդատ է ստանում։
Սյունիքից ընտրված պատգամավոր Աննա Գրիգորյանը նախքան արտահերթ ընտրությունները Hraparak.am-ին ասել էր, որ ինքը խորհրդարանում չի լինի, եթե Նիկոլ Փաշինյանը նորից վարչապետ ընտրվի։ «Եթե Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվի, ես այս խորհրդարանում չեմ լինի», — հայտարարել էր Գրիգորյանը։
Սակայն, երեկ, անգամ Սյունիքում Քոչարյանի դաշինքի խայտառակ պարտությունից հետո, Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն հայտնեց իրենց դաշինքի ընտրազանգվածից և ընդգծեց, թե չեն հանձնվելու․ «Մենք չենք հանձնվելու, այլ շարունակելու ենք աշխատել՝ ի գործ դնելով մեր ամբողջ ներուժն ու գործիքակազմը»։
Ասել է թե՝ նորաթուխ պատգամավորը հետ է կանգնում իր խոսքից և վերցնում է մանդատը ու գնում վարչապետ Փաշինյանի մեծամասնությամբ խորհրդարանում ընդդիմադիր աշխատելու։
Civic.am-ը փորձեց կապ հաստատել Աննա Գրիգորյանի հետ՝ հարցնելու, թե ինչու է հետ կանգնում իր խոսքից, սակայն քաղաքական ուժը փոխած Գրիգորյանն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց։
Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» դաշինքը առաջնորդող Ռոբերտ Քոչարյանը չուներ վերջնական որոշում ՝ արդյոք ինքը կվերցնի մանդատը, թե ոչ, բայց իր խոսքից ակնհայտ էր, որ «Հայաստան» դաշինքին հասնող 29 մանդատը վերցնելու են պատգամավորի թեկնածուները։
Կից ներկայացնում ենք ընտրությունից առաջ Աննա Գրիգորյանի տված հարցազրույցը։