Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունները նշանակվելու օրվանից մինչև քվեարկության օրը ընդհանուր առմամբ ստացվել են 173 դիմում, բողոք և միջնորդություն, որոնցից 90-ը ԿԸՀ ներկայացվել են էլեկտրոնային հարցման հարթակի միջոցով։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:
«Նշված դիմումներից 2-ը վերաբերել են պարզաբանման պահանջին, որով խնդրել են պարզաբանել Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասը, և երկրորդ դիմումը վերաբերում էր Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությանը։
4 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացվել են միջնորդություններ՝ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու պահանջով։ 14 դիմում եղել է ինքնաբացարկի մասին:
Ներկայացվել է նաև մեկ դիմում ինքնաբացարկի մասին սահմանված վերջնաժամկետից հետո, որը, ըստ Ընտրական օրենսգրքի, վերադարձվել է դիմումատուին։ 13 դիմում ներկայացվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ դաշինքների կողմից։ Այդ դիմումներից մեկը վերաբերել է ինքնաբացարկին, դիմումը բավարարվել է, և տվյալ քաղաքական ուժն այլևս չի շարունակվել մասնակցել ընտրական գործընթացներին։
Մեկ դիմումով քաղաքական ուժը տեղեկատվության հարցում է կատարել, և մնացած 11 դիմումները վերաբերել են քարոզչության սահմանված կարգին տարբեր պահանջներով։ Մի դեպքում պահանջվել է նախաձեռնել Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված միջոցները, մյուս դեպքերում պահանջ է ներկայացվել դիմել դատարան որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու նպատակով։
Մեկ դիմում է ներկայացվել հավատարմագրման վերաբերյալ, որը մերժվել է: Դիմումներ շատ են եղել հավատարմագրման վերաբերյալ, սակայն միայն մեկ դիմում մերժվել է։ Պատճառն այն է, որ հասարակական կազմակերպությունը, որը պատրաստվում էր դիտորդական առաքելություն իրականացնել, չէր բավարարում այն պահանջները, որոնք ներկայացվում են տվյալ դեպքում տեղական հասարակական կազմակերպություններին»,- ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ԿԸՀ-ն ընդունել է 149 որոշում, որից 14-ը՝ նորմատիվ իրավական ակտեր են, 2 որոշում վերաբերել է պարզաբանումներին, և մնացած 133 որոշումները եղել են անհատական իրավական ակտեր։
«Ներկայացված դիմումներով և բողոքներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է 40 որոշում։ 27 որոշում վերաբերել է թեկնածուների գրանցումները մերժելուն»,- տեղեկացրեց Հակոբյանը: