Գաղտնի ձայնագրություն. «Իզմիրլյան» կենտրոնի տնօրենը սպառնում է աշխատակիցներին

«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ է հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է և եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։ Նշենք, որ Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով հարկադրելու համար: Ընդ որում, եթե այդ արարքը կատարվել է երկու կամ ավել անձանց նկատմամբ, ապա նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն դրա համար նախատեսված է ազատազրկում` չորսից յոթ տարի ժամկետով:

Ստորև ներկայացնում ենք ձայնագրության սղագրությունը՝ առանց խմբագրումների․

«Խնդրանքը հետևյալն է․ ես ուզում եմ բոլորիդ մի անգամ ևս ասել էն արհավիրքի մասին, ինչի առաջ որ այսօր կանգնած է մեր երկիրը։ 

Վիսոցկին մի հատ շատ լավ բանաստեղծություն ունի՝ «Вдоль обрыва, по-над пропастью, по самому по краю»։ 

Այսօր մեր երկիրը այդ նույն իրավիճակում է գտնվում։ Մի մասը այս կողմ՝ մենք գլորվում ենք անդունդը, մի մասը այս կողմ՝ մենք կարող ենք փրկվել։

Մենք բոլորս քաղաքացիական պարտք ունենք, ես եկել եմ իմ քաղաքացիական պարտքը կատարելու ձեր առաջ։ 

Ես ասեմ՝ ես ինքս «Հայաստան» դաշինքի 20 համարն եմ, դա շատ բարձր տեղ ա և, այսպես ասած, «պոլն ի պռախոդնի» տեղ ա:

Բայց ես այստեղ եկել եմ ոչ որպես քաղաքական գործիչ, ես հիմա ներկայացնում եմ ոչ թե «Հայաստան» դաշինքը, այլ ներկայացնում եմ ինքս ինձ՝ Արմեն Չարչյան, ձեր կոլեգան, բժիշկ, քաղաքացի, Հայ֊առաքելական եկեղեցու հետևորդ։ Մենք պետք ա, եկել եմ, որ հորդորեմ ձեզ բոլորիդ և պահանջեմ բոլորից, որ գնաք ընտրությունների։

Պարտադիր պետք է գնաք ընտրությունների, թողնել, որ քո տեղը ինչ-որ մեկն ինչ-որ բան ընտրի՝ էտ նշանակում ա, որ քո երեխաների, քո թոռների, քո հետագա սերունդների ճակատագիրը թողնել ինչ-որ մեկին։ Հետո ասում են՝ ես ընտրությունների չգնացի, տեսա՞ք էս ինչ արին սրանք, և այլն, և այլն։

Չէ:  Իմ պահանջն է ձեզ, պահանջն է բոլորիդ, որ պարտադիր գնաք ընտրությունների: 

Ավելին ասեմ՝ ես, էսօր լինելով «Հայաստան» դաշինքում, տեխնիկապես  հնարավորություն ունեմ ստուգելու ցուցակները, ստուգելու՝ ով ա գնացել ընտրությունների․․․ հետո, հա՞:

Ես կարող եմ բան ցույց տամ ձեզ, հա։ Էստեղ երևի: Սա իմ մանդատն ա, վկայականն ա՝ որպես պատգամավորի թեկնածու, որը որ էսօր ինձ պատգամավորի ստատուս ա տալիս: 

Ամեն ինչ՝ անձեռնմխելիությունից ելնելով, վերջացրած ինֆորմացիան տիրապետելը:

Ես անելու եմ՝ ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները, ունեմ ձեր բոլորի հասցեները, անուն-ազգանունները և տեսնելու եմ՝ ով ա գնացել ընտրության և ով չի գնացել ընտրության: Հավատացեք: 

Ու ով որ չի գնացել ընտրության, ես դիտարկելու եմ որպես իմ խոսքը չկատարող, իմ խնդրանքը, իմ հորդորը, իմ պահանջը չկատարող: Իսկ եթե որևէ մեկը ձեր՝ էստեղ նստածներից չի կատարելու իր տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը և ամբողջ տնօրինությունը բացարձակ նույն, շատ ավելի կոշտ վերաբերմունքն ա ունենալու էդ մարդու նկատմամբ:

Էդպիսի արտահայտություն կա չէ՞՝ համարժեք պատասխան: Չէ, պատասխանը համարժեք չի, պատասխանը խիստ անհամարժեք պետք է լինի, որովհետև Էսօր դուք որոշում եք իմ երեխայի, իմ թոռան բախտը։ 

Եթե լիներ իմ ճակատագրի հարցը, ես կարող ա ինչ-որ բան հանդուրժեի, բայց դուք որոշում եք իմ սերունդների ճակատագիրը, ինչպես նաև ես եմ որոշում ձեր սերունդների ճակատագիրը։ 

Դրա համար իմ պահանջս, իմ հորդորս, իմ խնդրանքը ձեր բոլորին՝ ամսի 20-ին գնալ ընտրությունների։ Ես հանձնարարել եմ նաև բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին, որպեսզի գործընթացը ամսի 20-ին՝ կիրակի օրը, իրենք ստուգեն, իրենք հետևողական լինեն, մի քանի անգամ կարող ա ձեզ զանգեն, էնքան, մինչև դուք չգնաք ընտրությունների։ Դա պարտադիր պահանջ է։

Էլի եմ ասում՝ սա քաղաքական ինչ-որ միջոցառում չի, սա քաղաքացիական պարտքը արտահայտելու միջոցառում է։

Շատ լավ գիտեմ, որ օրենք կա, որ հիվանդանոցներում, դպրոցներում, մշակույթի օջախներում և այլն, կատարել քարոզչություն չի թույլատրվում, էդ քարոզչություն կատարողը պատժվում ա, ու ես օրենքի առաջ միշտ տվել եմ պատասխան։

Չնայած էնտեղ գումարը մեծ չի՝ ընդամենը երկու հարյուր հազար դրամ ա, բայց անգամ երկու լումա վճարել չեմ ցանկանում, որովհետև դա ոչ թե գումարի խնդիր ա, այլ օրինապաշտության խնդիր ա, ես իմ օրինապաշտությունը պահում եմ, մի ընկալեք սա որպես քարոզչություն։

6։00 Բայց ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել ևս երկու հանգամանք, շատ կարևոր հանգամանք։ Հիշեցնեմ առաջին պարտադրանքը՝ ստիպելը, որ գնաք ընտրությունների, և երկրորդը։

Մենք բոլորս աշխատում ենք Մայր աթոռին պատկան կառույցում։ Հիվանդանոցը պատկանում է Մայր աթոռին։ Մայր աթոռի միանշանակ, միանշանակ դիրքորոշումը՝ սկսված դեկտեմբերից, պատերազմից հետո Վեհափառ հայրապետի առաջին ուղերձից և դրանից հետո ևս 3 անգամ հաստատված, և վերջինը մի շաբաթ, թե 10 օր առաջ էր, եթե չեմ սխալվում: Մայր աթոռի դիրքորոշումը հետևյալն է, որ ներկա իշխանությունները ապաշնորհ են, տապալել են ամեն ինչ և նրանք պետք է հեռանան։ Սա ես ձեզ տեղեկացնում եմ Մայր աթոռի դիրքորոշումը։ Դուք բոլորդ աշխատում եք Մայր աթոռի կառույցում, Էջմիածնի կառույցում, եկեղեցապատկան կառույցում։ Իմացեք, որ ձեր գործատուն ունի էտ դիրքորոշումը։ […] Ես ձեզ չեմ հորդորում, չեմ ասում գնացեք քվեարկեք սրան-նրան։ Մայր աթոռի դիրքորոշումն է, որ ներկա իշխանություններին չպետքա քվեարկել։ 

Ներկա իշխանություններն ապաշնորհ են, տապալել են ամեն ինչ և պետք է հեռանան։

Ես քանի որ հիմա արձակուրդում եմ, կարող եմ դա ասել, դա երբեք հնարավոր չի դիտվի որպես պաշտոնական դիրքի չարաշահում։

Ես ինքս՝ ձեր ղեկավարը, ձեր բուժհիմնարկի առաջնորդը, էսպես կարող ենք ասել, ես ինքս արել եմ իմ ընտրությունը, և դուք գիտեք իմ ընտրությունը, ուրիշ բան ձեզ չեմ ասել։

Նորից եմ կրկնում՝ հավատացեք, էսօր կան մեխանիզմներ, որպեսզի մենք ստուգենք, թե ովքեր են գնացել ընտրության։ Եվ կան բավականաչափ հետաքրքիր, ես տեղյակ էլ չէի, սոցիոլոգիան շատ-շատ ստույգ գիտություն ա, սոցիոլոգիորեն և ստատիստիկորեն դատաբեյսով կան բավականաչափ լուրջ ․․․․  մեխանիզմներ, որպեսզի մոտավորապես ճշտի հավանականությամբ, տոկոսային հավանականությամբ, թե ով ինչ ընտրություն է կատարել»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.