Անցնող տարին, աղմկոտ հանցագործություններից ու դատավարություններից բացի, կհիշվի նաև ռուսական գողական հեղինակությունների միջավայրում աշխուժությամբ։ Կայունությունը լքել է քրեական աշխարհն այն բանից հետո, երբ 2016 թվականի օգոստոսին ձերբակալվեց ռուսական մաֆիայի առաջնորդ Շաքրո Մոլոդոյը։ Դատը սկսվել է 2017 թվականին, և երբ հասկանալի է դարձել, որ Շաքրոն հավանաբար կազատազրկվի, այն էլ երկար ժամանակով, նրա գահի համար իսկական պատերազմ է սկսվել։ Ի՞նչ սպասել գողական աշխարհի «գեներալներից» հաջորդ տարում։
Զախարի Քալաշով (Շաքրո Մոլոդոյ)
2014 թվականին Շաքրոյի՝ Իսպանիայից Ռուսաստան վերադառնալուց հետո ոչ մի իրադարձություն իր նշանակությամբ և հետևանքներով չի համեմատվի Գուլիի ազատ արձակման հետ։ 44-ամյա ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը (Գուլի), ով հանդիսանում է ադրբեջանական քրեական աշխարհի թագավորը (թագադրվել է 2000 թվականին, 27 տարեկանում) այնքան հզոր է, որ ժամանակին չի վախեցել թշնամանալ Դեդ Հասանի և Ռովշան Ջանիևի (Լենկորանսկի) հետ։ Գուլին դիմակայել է նրանց՝ նույնիսկ գտնելով Ադրբեջանում ճաղերի հետևում։ Նա ազատազրկման մեջ է անցկացրել ավելի քան 20 տարի։ Գուլին ձերբակալվել էր 1990-ականների սկզբին, սակայն բանտում մի շարք հանցագործություններ է կատարել, ինչի համար նրա պատժաժամկետը երկարացվել է։ Ժամկետը պետք է լրանար 2021 թվականին, սակայն նա ազատ է արձակվել շուտ՝ 2017 թվականի հոկտեմբերի 23-ին։
«Գուլիի ազատ արձակմամբ գողական աշխարհում սպասվում են փոփոխություններ, որոնք տարբեր պատճառներով այդպես էլ չեն հասցրել տեղի ունենալ Շաքրոյի օրոք»,-հայտնում է Prime Crime-ը։
Նադիր Սալիֆով (Գուլի)
Պարբերականը նշում է, որ Գուլին, ինչպես Շաքրոն, չեն մասնակցել Տարիել Օնիանիի (Տարո) և Ասլան Ուսոյանի պատերազմին, որը հայտնի էր որպես գողական կլանների կոնֆլիկտ։ Դա բարձրացնում է Գուլիի հեղինակությունը։ Գուլիի ազատ արձակումից հետո գողական աշխարհում շատ բան կսկսի պտտվել նա շուրջը։ Մեծ հավանականությամբ հաջորդ տարի կթագադրվեն նոր գողեր, և դա տեղի չի ունենա առանց Գուլիի։
2015 թվականից այդ գործընթացը դադարեցվել էր Շաքրոյի որոշմամբ, այդ իսկ պատճառով թագադրման վերսկսումը կնշանակի, որ Շարքոյի որոշումը կորցրել է ուժը, պարզաբանում են ոլորտի մասնագետները։
Լաշա Շուշանաշվիլի (Ռուստավսկի)
Շաքրոյի գլոբալ մրցակիցներն են, Գուլիից բացի, Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուստավսկի) և Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկին)։
Մոսկվայի գողական արենայում այսօր կարելի է առանձնացնել երեք գլխավոր խաղացողի։ Նրանք են Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես), Էդուարդ Ասատրյանը (Օսետրինա-ավագ) և Դմիտրի Չանտուրիան (Միրոն)։
Վասյա Վոսկրեսը ողջ տարին չի լքել իրավապահ մարմինների տեսադաշտը, ովքեր ակնարկել են նրան, որ ավելի լավ է իրեն հանդարտ պահի։ Նոյեմբերի 23-ին Նոր Ռիգայում «օրենքով գողի» քաղաքամերձ նստավայրի օժանդակ կառույցում մերձմոսկովյան հետախուզության աշխատակիցները գտել էին ատրճանակ։ Վոսկրեսը չէր ճանաչել դա որպես իր զենք և դժվարացել էր բացատրել դրա ծագումը։ Արդյունքում ատրճանակի հայտնաբերման հետ կապված գործը ձևակերպել էին որպես չբացահայտված հանցագործություն, որում Խրիստոֆորովը նույնիսկ կասկածյալ չէ։
Վասիլի Խրիստոֆորով (Վասյա Վոսկրես)
Ինչպես նշում է Prime Crime-ը, մինչ այդ ոստիկանները քրեական հեղինակության նյարդերը ցնցել էին հոկտեմբերի 18-ին. նրան կանգնեցրել էին «Ուկրաինա» հյուրանոցի մոտ՝ հայտնելու Բելառուսում լինելու անցանկալիության մասին (արգելքը սահմանվել է երկրի ՆԳՆ-ի կողմից մինչ 2021 թվականի հունվարի 13-ը)։ Զգուշության համար Քրիստոֆորովը բավականին առիթներ ունի. ուժայինների խիստ ուշադրությունից բացի, կա նաև վաղեմի կոնֆլիկտ իր ոխերիմ հակառակորդ Էդուարդ Ասատրյանի հետ, ով բանտում էր հայտնվել Վոսկրեսի հետ հարաբերությունները պարզելու ամենաթեժ պահին։
Էդուարդ Ասատրյան (Օսետրինա-ավագ)
Պարբերականը նշում է, որ անցած ամռան վերջին ազատ արձակված Ասատրյանը մտադիր է շարունակել հարաբերությունների պարզաբանումը Խրիստոֆորովի հետ։ Օսետրինա-ավագը Չելյաբինսկի գաղութում 3 տարվա ազատարկման պատիժն է կրել թմրանյութերի պահման համար։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ազատության մեջ Ասատրյանը կհայտարարի Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) ժառագության հանդեպ իր հավակնությունների մասին։
Ասատրյանը ստիպված է լուծել նաև այլ լուրջ խնդիրներ։ Մասնավորապես, երբ նա բանտում է եղել, «օրենքով գողերը» դադարեցրել են նրա որդու՝ Սերյոժա Բենթլիի գողական թագի գործողությունը։ Այդ գործում հիմնական ներդրումը եղել է Վասյա Վոսկրեսինը, ով Օսետրինա-ավագի գլխավոր թշնամին է։
Դմիտրի Չանտուրիա (Միրոն)
Վերջապես մոսկովյան մեծ խաղին կարող է մասնակցել նաև Դմիտրի Չանտուրիան (Միրոն)։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա Դեդ Հասանի զարմիկն է, իսկ դա նշանակում է, որ նա ունի բոլոր հիմքերը՝ գողական աշխարհում իշխանության հավակնելու համար։ Մինչ որոշակի պահ՝ Միրոնն ու Օսետրինա-ավագը թշնամիներ են եղել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ռոսբալտը», 2013 թվականի մարտի 23-ին կայացել էր գողական հավաք, որի ժամանակ Միրոնի մարդիկ ծեծի էին ենթարկել Օսետրինային և նրա որդուն՝ Սերգեյին։ Դրանից հետո Ասատրյանը գողական գահի համար պայքարից հեռացել էր։ Այն թափուր էր մնացել Դեդ Հասանի մահից հետո։ Որոշ ժամանակ անց պայքարից դուրս էր եկել նաև Միրոնը։ Արդյունքում հաղթող էր դարձել Շաքրոն։
Սակայն ժամանակները փոխվել են։ Տեսնելով, թե ռուսական մաֆիայում ինչպիսի լուրջ ֆիգուրներ են պայքարում իշխանության համար, Ասատրյանը որոշել է միավորվել Միրոնի հետ, ով ֆինանսական մեծ հնարավորություններ ունի։ Որոշ տվյալներով՝ գողական տանդեմն արդեն առաջարկում է գործարարներին հատկացումներ անել իրենց «օբշչակում»։ Այնպես որ 2018 թվականին ռուսական գողական աշխարհում կարելի է սպասել իրադարձությունների, որոնք կրքերի բորբոքմամբ չեն զիջի «Գահերի խաղը» սերիալին։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am