«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը:
– Տիկին Համբարձումյան, ճի՞շտ է, որ Ձեզ պատկանող բիզնեսներում ուժեղացված հարկային ստուգումներ են՝ կապված Ձեր վերջին հարցազրույցների հետ:
– Ոչ, չկա նման բան:
– Վերջին շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումները ինչի՞ հետևանք են:
– Թանկացումները խայտառակություն են: Ի՞նչ են արել, որ կարագը այդպես թանկացավ: Չեմ կարծում՝ միջազգային շուկայում թանկացումներ են: Եվ այնպես թանկացավ, չհասկացանք՝ ինչի համար եղավ: Գուցե հիմա են ուզում ընտրությունների ծախսերը հանել, թանկացնում են, որ այդ ծախսերը հանեն: Եվ սա ավելի ուշ արեցին, որ հանրությունը դա չկապի ընտրությունների հետ: Ընտրություններին այդքան գումար էր ծախսվել, պետք է հանեին:
– Թանկացումները ինչի՞ կհանգեցնեն, հնարավո՞ր է սոցիալական բունտ:
– Տեսեք, եթե կարագը թանկանում է, կթանկանա խմորեղենը, կարագի հետ կապված ամեն ինչ կթանկանա: Մեկը մյուսի հետ շաղկապված է, և թանկացումը ակնհայտ կլինի: Ինչ վերաբերում է սոցիալական բունտին, մի ասացվածք կա՝ հարիֆին դավադիտ մի արեք:
– Այս մեկ տարվա ընթացքում արդյոք ներդրումների ավելացում նկատո՞ւմ եք:
– Ներդրումների ավելացում չեմ նկատում, բայց հարկային և մաքսային դաշտն արդեն կանոնակարգվում է, և դա նկատելի է: Հիմա շատ լավ է, նաև սահմանը հատելուց է դա նկատելի: Զգում ես մաքսային դաշտում առկա փոփոխությունները, սակայն անելիք դեռ շատ կա: Ժողովուրդն ինքը պետք է կարողանա փոխել, իրեն հղկել, այլապես ինչպե՞ս կարող է մի ղեկավարն ինչպես պետք է կարողանա բոլորին հսկել: Մարդու աչքը պետք է կուշտ լինի: Եթե մարդու աչքը կուշտ չեղավ, երբեք չի կարգավորվի ոչինչ:
– Իսկ ինչո՞ւ ներդրումները չեն ավելանում, թեև խոստումներին:
– Ես չեմ կարծում, որ որևէ մեկը ներդրումներ է արել՝ բացի Կարապետյան Սամվելից: Ասում են, որ նա բավականին ներդրումներ է կատարել, ուրիշ այլ ներդրողներ չեմ տեսել: Խոսակցություններ կան, բանակցություններն ընթանում են, բայց առայժմ այդ ներդրողները չկան:
– Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ ներդրողները հապաղում են:
– Բոլոր ներդրողները սպասում են հաջորդ տարվա ապրիլին, տեսնեն, թե ով է լինելու վարչապետ: Չէ՞ որ ներդրումներ են անելու, իրենք պետք է երաշխիք ունենան իրենց ապահովության գումարների համար: Գուցե վարչապետն էլ կմնա և կտա երաշխիք, ով գիտի, գուցե մնում է և շարունակում է աշխատե՞լ: Հիմա բոլորը սպասողական վիճակում են:
– Այսինքն՝ Դուք այն կարծիքին եք, որ մեկ հոգու համա՞ր են բարենպաստ պայմաններ ստեղծվել՝ Սամվել Կարապետյանի:
– Նախկինները, ովքեր կան, մնացել են, ավելացել է նորը: Նախկինների համար ոչինչ չի փոխվել, դարձյալ կան յուրայիններ և ոչ յուրայիններ:
– Ըստ Ձեզ՝ ո՞ւմ հետ կլինի աշխատանքն ավելի արդյունավետ՝ Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան վարչապետի:
– Գիտեք, ինձ համար և, կարծում եմ, բոլորի համար խիստ միևնույն է, թե ով կլինի վարչապետ, որովհետև նրանք նույն թիմից են: Թիմը նույնն է, և ով էլ լինի թիմից, պետք է սիրի Հայաստանը: Ով սիրեց Հայաստանը, նա էլ լավ կաշխատի: Կարծում եմ՝ սերն է պակասում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am