Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդես է եկել անպատասխանատու հայտարարություններով՝ փորձելով հանրությանը գցել մոլորության մեջ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին սոցապ նախարար Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով. նախարարը հերքի, թե ոչ՝ միևնույն է, իր կողմից ուղիղ հնչեցվել է հայտարարություն, ըստ որի ՝ Հայաստանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ բնակչության իգական սեռի 15 տարին չլրացած անձանց 25 տոկոսը սեռական հարաբերության փորձ ունի։
«Այդ նախարարի տիպաբանությամբ չեմ ուզում զբաղվել, բայց հիշում եք՝ ես ասել եմ, որ եթե պետական ապարատը ուզում են բեռնաթափել, ապա կան նաև նախարարներ, որոնք
չեն տիրապետում ոլորտին: Իմ խորին համոզմամբ՝ այդ նախարարը չի տիրապետում իր զբաղեցրած դիրքին, հետևաբար աչքի է ընկնում իր կարգավիճակին հակացուցված գործողություններով, հայտարարություններով։
Հրաժարականների հետ կապված՝ Հայաստանում եզակի դեպքեր են լինում. մինչև չմահանան, խայտառակ պատմության մեջ չընկնեն, հրաժարական չեն տալիս։ Ես կոչ եմ անում լինել ողջախոհ, հարգել իրենց և իրենց իրավահաջորդներին, որոնք կրելու են իրենց հայտարարությունների, գործողությունների բեռը, և հանդես գալ հրաժարականի հայտարարությամբ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Araratnews.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը պարզաբանել է նախարարի ասածը․ «Մեկ ժամ տևողությամբ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում բանախոսին միաժամանակ երկու հարց է տրվել։ Անանուն տարբեր հարցումներ են արվել։ Համաձայն Արաբկիր ԲԿ-ի հարցման՝ մինչև 15 տարեկան տղաների 25 տոկոսն է ասել՝ այո, մինչև 15 տարեկանը սեռական հարաբերություն ունեցել է, իսկ աղջիկների մեկ տոկոսն է դրական պատասխան տվել։
Ավելի վաղ կատարված մեկ այլ հարցման արդյունքներով՝ նույն տարիքի տղաների 50 տոկոսն է ասել, որ մինչև 15 տարեկանը սեռական հարաբերություն է ունեցել։ Այս դեպքում ստացվում է, որ այդ տարիքի երեխաների շրջանում միջինում ստացվում է 25 տոկոս։ Ահա այս երկու 25 տոկոսն է սխալմամբ նշվել որպես աղջիկների շրջանում»,- ասել է Անահիտ Հայթայանը։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am