Ի՞նչ է կատարվել սահմանին.Հոնքն ուղղելու փոխարեն աչքը հանեցին...

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո պարզաբանում է տվել հայ-իրանական սահմանային հատվածում ճանապարհի մի հատվածի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը ճանապարհի այդ հատվածը վերանորոգող ընկերութան հետ պայմանագրի խզումն էր, քանի որ հայ-իրանական սահմանը հսկող ռուս սահմանապահները թույլ չեն տվել այդ 40 մետրանոց հատվածը վերանորոգել, ինչպես գրված է եղել նիստի օրակարգում ընդգրկված որոշման մեջ:

Արսեն Հարությունյանի խոսքով, վրիպակ է տեղի ունեցել, լրագրողները սխալ են հասկացել: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ասաց, որ ոչ թե ռուսական կողմն է խոչընդոտել բանակցություններին, այլ իրանական կողմը չի տվել իր համաձայնությունը: «Իրանական կողմի հետ մեր բանակցությունները շարունակվում են, և ռուսական կողմը ոչ մի կապ չունի այս բանակցությունների հետ», նշել է նա:

Արսեն Հարությունյանի խոսքով՝ «քանի որ ռուսական կողմն է պաշտպանում սահմանը, բանակցությունների արդյունքում մենք պետք է ռուսական կողմի հետ բանակցենք Իրանի հետ: Ռուսական կողմը սահմանապահի իրավունքով է մասնակցում, բայց ձայնի իրավունք չունի: Նույն թուրքերի հետ հանդիպման ժամանակ էլ ռուսական կողմը միշտ ներկա է լինում, որովհետև սահման պահողն ինքն է: Ռուս սահմանապահները որպես կողմ են հանդես գալիս, պետք է կանգնի և լսի, թե երկու կողմն ինչ են իրար հետ բանակցում»:

Ինչո՞ւ պետք է ռուս սահմանապահները մասնակցեն բանակցություններին: Հաշվի առնելով, որ ռուս սահմանապահներն են կանգնած հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին, հայկական կողմը մյուս երկրի հետ բանակցություններից հետո կարող է ռուսական կողմին պարզապես տեղյակ պահել դրանց արդյունքների մասին:

Չնայած Արսեն Հարությունյանը նշում է, որ վրիպակ է եղել, սակայն e-gov.am կայքում, որտեղ տեղադրվում են կառավարության նիստերի օրակարգը, որոշումները, օրակարգի տվյալ հարցի հիմնավորման մեջ կա հետևյալ տողը՝ «Կոմիտեի կարիքների համար աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»:

Լրագրողները ոչ թե «սխալ են հասկացել», այլ հղում են արել պաշտոնական փաստաթղթին:

Մի՞թե նախքան նիստը հնարավոր չի եղել կողմնորոշվել՝ ռուսական կողմն է խոչընդոտում, թե իրանական, եւ որոշման մեջ գրել այն, ինչ եղել է:

Արսեն Հարությունյանի պատասխանը իրականում ոչ թե պարզաբանում է վիճակը, այլ նոր հարցեր է առաջացնում՝ ավելի խճճելով վիճակը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am