Հանրայինը եւս մեկ՝ լրատվական ալիք կունենա. «Հ2»-ն ու «Փաստինֆո»-ն եթերի իրավունք կրկին չստացան

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթում հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությունը։

 

Հիշեցնենք՝ մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել երեք ընկերություն՝ «Փաստինֆո» ՍՊ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ եւ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները: 

Հունիսի 4-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նիստի վարկանիշային քվեարկության արդյունքում նշված ընկերությունները ստացել են համապատասխանաբար 595, 635 եւ 646 միավոր: Մրցույթը մայրաքաղաքային 1 սլոթի համար էր, այսինքն պետք է հաղթեր մասնակիցներից մեկը:

 

 

Ապրիլի 14-ին ՀՌՀ-ն հրապարակել էր մրցույթի մասնակից երեք ընկերությունների հայտերը:

Ավելի վաղ ՀԺ-ն գրել էր, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն մտադիր է երկրորդ հեռուստաալիքը ստեղծել, որը պետք է լինի զուտ լրատվական։

Հանրային հեռուստաընկերության տեղեկատվածան ծառայությունից մանրամասնել էին, որ նպատակ ունեն նոր հեռուստաալիքի միջոցով լուսաբանել եւ վերլուծել գործադիր, օրենսդիր, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, անդրադառնալ մարզային կյանքին, տեղական խնդիրներին, ապահովել ուղիղ միացումներ: Նախատեսում են նաեւ միջազգային եթերաժամ, սփյուռքի համար նախատեսված եթերաժամ, օրակարգային եթերաժամ, Արցախի եթերաժամ, բանավիճային, լրատվական-վերլուծական, քաղաքական եւ այլ ֆորմատների հաղորդումների պատրաստում:

 

Իսկ ինչ վերաբերում է «Հ2» հեռուստաալիքին, ապա այն ավելի վաղ դուրս էր մնացել նաեւ հանրապետական սփռման ալիքների շարքից: Հեռուստաալիքը, փաստորեն չստացավ նաեւ մայրաքաղաքային սփռման իրավունք:

Նորությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նաեւ Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: «Հեռուստաընտանիք դառնալու ճանապարհին մեր առաջին ձեռքբերումը. գտե՛ք «կարմիր» Հանրայինը ձեր հեռուստացանկում, տեղեկացե՛ք առաջինը Առաջինի լրատվական ալիքի եթերում: Այսօր Հանրայինը ստացավ մայրաքաղաքային արտոնագիր լրատվական նոր հեռուստաալիքի համար: Միջազգային հարցումներն ու հեռուստատեսային վարկանիշներն ապացուցում են, որ մեր լրատվական թողարկումներն ունեն մեծ լսարան, և կարող են հեռարձակվել 24/7 ձևաչափով»,- նշել է նա՝ հացվելելով.

«Օպերատիվ, հավաստի ու բազմակողմանի լուրերը կարող եք դիտել հունիսի 9-ից:

 

Առաջինի լրատվական ալիքը քաղաքական ու հասարակական բոլոր գործիչներին պատրաստ է հարթակ տրամադրել՝ ապահովելով առավելագույն բազմակարծություն»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.