«Սա խեղճ, բարդույթավորված մարդ ա...». Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի մասին

Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Վերջին օրերին հարց են բարձրացնում, ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություններ է անում, այդ հայտարարություններին ինչի՞ չեք պատասխանում։ Ճիշտն ասած, ես այդ ամենին չէի գնում և աշխատում եմ չգնալ՝ ընտրական պրոցեսը չանլրջացնելու համար։ Ես վախենամ, որ էդ նշած անձի ասածներին երբ անդրադառնամ, մեր ընտրական պրոցեսը կանլրջանա։ Էս վերջերս ձեզ հայտնի անձի կողմից այսպիսի մի շատ հետաքրքիր գաղափար է առաջ  քաշվում։ Ասում է՝ այն մարդկանց, ովքեր պետական բարձրաստիճան պաշտոնի են հավակնում, պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության։ Եվ դա դա ասում է էս մարդը, ով մասնագիտացված է սատկած առյուծ քշելու մեջ»,- ասաց Փաշինյանը՝ ցուցադրելով Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը՝ սպանված առյուծի հետ։

Փաշինյանը հավելեց․ «Այս նկարը պետք է կոնկրետ հոգեբուժական փորձաքննության ենթարկել՝ հասկանալու համար՝ ինչ է նշանակում սատկած առյուծ քշել։ Էդ շատ լավ գաղափար է, որ ՀՀ-ում բարձր պաշտոնների հավակնող մարդկանց պետք է հոգեբուժական փորձաքննության ենթարկել, որովհետև եթե այդ պրակտիկան 1999 թվականին գոյություն ունենար, ենթադրվում է, որ Հայաստանում ոճրագործություն տեղի չէր ունենա»։

Ըստ Փաշինյանի՝ եթե 1998 թվականին այդպիսի պրակտիկա լիներ, ենթադրվում է, որ «բարև, Ռոբ» ասելու համար մարդուն չէին տանի զուգարանում ծեծելով սպանեին։

«Եվ հիմա փորձում են էս անեկդոտային կերպարի շուրջ վախի մթնոլորտ տարածել։ Սա խեղճ, կոմպլեքսավորված, բարդույթավորված մարդ ա, որը մեր մասին ասում է՝ ենթադրում եմ՝ իրենք պամպերս են հագնում։ Կներեք ժողովուրդ ջան, մենք չենք ուզում խոսակցությունն իջեցնել էսքան ցածր մակարդակի, բայց ամբողջ սոցիալական ցանցերն են քննարկում, որ հայտնի իրադարձությունների ժամանակ իրենք իրենց առողջական վիճակի նրբությունները դարձրել էին համընդհանուր քննարկման առարկա, և ամբողջ սոցիալական ցանցերը քննարկում էին, որ էդ մարդն ստիպված է էսօր նույնիսկ քարոզարշավի ժամանակ պամպերս հագնի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ՀՀ օրենքի պահանջ կա, որ նույնիսկ պատգամավորի թեկնածուները պետք է հայերենի իմացության որոշակի թեստ անցնեն։ «Եթե որևէ մեկը փորձի Ռոբերտ Քոչարյանին էդ թեստը անցկացնել․․․ Նա այս ընթացքում հրապարակային ընդամենը երկու բառ է գրել, գրել է «հաղթական երիտասարդություն»։ Էդ երկու բառի մեջ 4 ուղղագրական սխալ է թույլ տվել։ Ու էս մարդիկ եկել են, ուզում են երկրում տարածեն վախի մթնոլորտ, ձեր ինչի՞ց վախենանք, այ անեկդոտի հերոսներ, այ սատկած առյուծ քշողներ»,- հավալեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ շատերն ուզում են ցույց տալ, թե Քոչարյանի իշխանության տարիներին մարդիկ վախեցել են։ Ըստ Փաշինյանի՝ իրականում ամենատարածված անեկդոտների հերոս է եղել Ռոբերտ Քոչարյանը։

«Հիմա էս մարդը եկել է ՀՀ-ում ուզում է տարածի ինչ-որ կերպար։ Նա ընդամենը անեկդոտի կերպար է, և ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիները 2021 թվականի հունիսի 20-ին էդ անեկդոտային կերպարին կդնեն իր տեղը։ Եթե գտնում եք, որ էդ մարդկանց մենք պետք է դատեինք, չենք դատել, հունիսի 20-ին դուք դատելու հնարավորություն ունեք»,- հավելեց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.