Այո, ես ներողություն եմ խնդրել և դրանից հետո նաև որոշակի գործողություններ են իրականացվել։ Կոնկրետ անձինք այս մասնավոր դեպքի հետ կապված աշխատանքից ազատվել են, որոշները ստացել են խիստ նկատողություն և հարուցվել է քրեական գործ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում Արցախի պատերազմի ժամանակ զոհված զինվորների դիերը և մասունքերը ոչ պատշաճ վիճակում պահելուն։
«Քննություն կընթանա, կբացահայտվեն հանգամանքները և օրենքի շրջանակներում բոլոր անձինք կկրեն պատասխանատվություն»,– ասաց նա։
Հարցին՝ մինչև ստորին օղակների աշխատողներին պատասխանատվության ենթարկելը, արդյոք ինքը՝ նախարարը իրեն մեղավոր չի համարում տեղի ունեցածի կապակցությամբ, Ավանեսյանը պատասխանեց․
«Ես՝ որպես քաղաքական պատասխանատու անձ, միանգամից արձագանքել եմ, այո՛, ներողություն եմ խնդրել և ասել եմ, որ բոլոր անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար, պետք է կրեն պատասխանատվություն»։
Հարցին՝ միայն ներողություն խնդրելով է սահմանափակվելու, Ավանեսյանը պատասխանեց․ «Երևի անսովոր է ներողություն խնդրելը, երևի նման մշակույթ չի եղել, այո՛, ես ներողություն եմ խնդրել, որ ցավ է պատճառվել հարազատներին։ Բայց նորից ուզում եմ նշել, որ մեկ մասնավոր անձի կատարած դեպքը պետք է գնահատվի այդ արարքի շրջանակներում։ Չի կարելի մասնավոր դեպքը տարածել ամբողջ կառույցի վրա»։
Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ հավելելով, որ բացթողումը նրանում է, որ այդ հսկողությունը և խնդրի վերհանումը գուցե ճիշտ պահին չի եղել։