Ֆրանսիայում այսօր կքննարկվեն նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցությունների վերականգնման հնարավարությունները։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Շատ կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում հայ ժողովուրդը, ՀՀ-ն մշտապես զգացել է Ֆրանսիայի աջակցությունը և նախագահ Մակրոնի անձնական աջակցությունը։ Շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել, որ նախագահ Մակրոնը մեր տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին օրից խոսել ճշմարտության լեզվով, և այդ ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում։ Եվ սա շատ կարևոր է մեզ համար։ Ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան ու նախագահ Մակրոնն այդ հանձնառությունը շարունակում են։ Եվ սա չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու առումով։ Ուզում եմ ընդգծել, որ կարևորում ենք Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Չափազանց կարևոր է համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման և տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման, երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում։ Շատ ուրախ եմ, որ պատերազմի ավարտից հետո արդեն համանախագահները երեք հայտարարություն են արել, որով ըստ էության արձանագրում են իրենց պատրաստակամությունը՝ փոխադարձաբար ներգրավվելու և վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները։ Եվ, իհարկե, այսօր մենք կքննարկենք նաև այդ հնարավորությունները»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ Հայաստանը բոլոր ուղղություններով շատ բարձր է գնահատում Ֆրանսիայի ներգրավվածությունը, և ՀՀ-ն, հայ ժողովուրդը շահագրգռված են այդ ներգրավվածության մեծացմամբ։